Եթե ՀՀ քաղաքացին ուզում է հաջողությունների հասնել, պահպանել իր քաղաքակիրթ նախնիների ավանդույթները, լավագույն սովորույթները, ապա նա պարտավոր է.
- Լինել խաբեբա, խարդախ, սուտասան: Խաբել բոլորին՝ նույնիսկ ընկերներին, բարեկամներին, հարազատներին:
- Լինել խառնակիչ, «մուտիլովչիկ», «բոչկա գլորող», քցող:
- Վատաբանել, փնովել, պախարակել հաջողության հասնող ընկերներին, փորել ղեկավարների տակը, վատաբանել, անպայման փորձել հանել տալ և ստանալ նրա պաշտոնը:
- Ուտել, խմել, քեֆ անել միայն ու միայն ուրիշների հաշվին, հնարավորինս խուսափել ծախսերից: Բայց բոլորի մոտ գովազդել իր աղայությունը, առատաձեռնությունը, հյուրասիրությունը:
- Աղբով լիքը տոպրակները, ծխախոտի տուփերը, մնացուկները, պլաստիկե շշերը, բաժակները, զանազան այլ մնացուկները նետել ուր պատահի, որտեղ պատահի: Ցանկալի է բանուկ փողոցները, մարդաշատ վայրերը, պատմական հուշարձանները, վերելակները, աստիճանահարթակները:
- Անպայման կեսգիշերից հետո հրավառություն տալ՝ թեկուզ ժամը 02.00-03-ին, հզոր, ճոխ, ազդեցիկ, ցնցող:
- Մեքենաները վարել առանց կանոնների պահպանման, առանց լուսաթարթիչների: Անընդհատ փոխել ուղղությունը, դուրս գալ հանդիպակաց գոտի՝ մի երկու հիշոց ու մուննաթ ուղարկել դիմացից եկողներին: Շարված «հարիֆներին» արհամարհելով, փորձել մտնել արանքները՝ հենց խաչմերուկին մոտ, վերջին վայրկյանին:
- Այնպես անել, որ հասցեն, կոշիկի, հեռախոսի, ավտոմեքենաների համարները համընկնեն ու դա անընդհատ պատեհ-անպատեհ շեշտել:
- Անկախ նրանից՝ ճանաչում են քեզ, թե ոչ, գնալ ղեկավարների, հայտնի մարդկանց, հեղինակությունների հարազատների հոգեհանգստին ու թաղումներին, որպեսզի տեսնեն քեզ այնտեղ, և փորձես հարցեր լուծել:
- Բնակարանները վերանորոգելիս խառնել ամեն ինչ, առաջ տալ, հետ տալ, պատշգամբները փակել, տանիքները գրավել:
- Լինել «լարախաղաց», օժտված թռնելու և կողմնորոշվելու, «քաղաքական» հայացքները արագ փոխելու մեծ ունակությամբ: Միշտ հարմար պահի՝ տզրուկի, պարազիտի նման կպնել որևէ քաղաքական ուժի հետույքին:
- Մի բան ասել, այլ բան կատարել, մի բան խոստանալ, այլ բան անել կամ չանել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել