Related imageԹուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Քեմալի պատասխան նամակը Ռուսաստանի արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Չիչերինին:

«Մեծ հաճույքով ծանոթացանք Ռուսաստանի խորհրդային հանրապետության արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի հունիսի 3-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովին ուղղված նամակի բովանդակության հետ: Ի պատասխան՝ պատիվ ունենք հաղորդելու հետևյալը:
Թուրքիայի վերաբերյալ գրությունները մեր անկեղծ և լուրջ սկզբունքների հիմքն են կազմում: Մենք կկռվենք արևմտյան պետությունների դեմ բացառապես այն բանի համար, որ նրանք խոչընդոտ են այդ սկզբունքների իրականացման համատեքստում: Երբ որ կապահովվի անկեղծ և գործնական հող, մենք այն կյանքի կկոչենք:
Մենք սիրահոժար կերպով ընդունում ենք Ռուսաստանի միջնորդությունը Հայաստանի և պարսիկների հետ սահմանները որոշելու գործին և անհրաժեշտ ենք համարում դիվանագիտական բանակցություններով լուծել այդ խնդիրը:
Մենք վախենում ենք, որ Թուրքիային պատկանող հողերում ժողովուրդը կոտորածների կենթարկվի: Այդ դրությունը վերացնելու համար մեզ անհրաժեշտ է շուտափույթ կերպով գրավել Կարսը, Բաթումը և Արդահանը: Սակայն ձեր նամակի հետևանքով մենք հետաձգեցինք այդ գործողությունները: Կխնդրենք դադարեցնել հայերի հարձակումները մեր ժողովրդի վրա և ներկայացնել ձեր միջնորդությունը:
Խորհրդային Ռուսաստան մեկնող մեր պատվիրակները կսպասեն Էրզրումում: Նրանք լիազորված են քաղաքական կայուն հարաբերություններ հաստատել Խորհրդային Ռուսաստանի հետ: Մեր բարեկամական կապը Խորհրդային Ռուսաստանի հետ ուշացել է մեր հարևանների կողմից առաջացրած խոչընդոտների պատճառով: Մենք շատ կցանկանանք շտապեցնել կապի հաստատումը և աջակցություն ենք խնդրում խորհրդային կողմից: Կսպասենք խորհրդային պետության ներկայացուցիչների գալուստին պատվիրակության անդամների հետ միասին: Մենք չենք սահմանափակվի մեր փրկության և անկախության պաշտպանությամբ, այլ խոչընդոտներ կստեղծենք արևմտյան իմպերիալիստների դեմ, որպեսզի նրանք թուրքերին իրենց ձեռքում խաղալիք չդարձնեն: Մենք հավատացած ենք, որ այսպիսով կծառայենք համայն մարդկությանը: Մենք հավատացած ենք այն հույսով, որ կարող ենք գործնական արդյունքների սպասել ռուս և թուրք ժողովուրդների բարեկամությունից...»:

Ավելացնեմ, որ թուրքերի և ռուսների աչքերում Անտանտի դաշնակից Հայաստանի կառավարությունը համարվում էր «Միջազգային իմպերիալիզմի գործակալ»: Նամակի մեջ հարձակման ենթակա տարածքները Կարսը, Արդահանը ՀՀ մասն էին կազմում: Այդ ամիսների ընթացքում ձևավորվող ռուս-թուրքական տանդեմը միացյալ ուժերով վերջ տվեց Հայաստանի գոյությանը: Այն, որ ռուսները 1920թ. ամռանը Մոսկվայում թուրքերի, մասնավորապես՝ Սամի Բեքիրի պատվիրակության հետ բանակցությունների ժամանակ վերջնականապես համաձայնության եկան Հայաստանը վերացնելու գործում բազմաթիվ փաստերի հետ մեկտեղ վկայում է նաև Խորհրդային Ռուսաստանի պաշտոնյաներից Ստալինի՝ Օրջոնիկիձեին ուղղված նամակի հետևյալ միտքը. «Իմ կարծիքն այնպիսին է, որ չի կարելի անվերջ խուսանավել կողմերի միջև, պետք է սատարել կողմերից մեկին որոշակիորեն: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Թուրքիային և Ադրբեջանին: Ես խոսել եմ Լենինի հետ, ինքը չի առարկում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել