Ժողովուրդ, Ազգ, Հայրենիք… Բոլորը, գրեթե բոլորը, խոսում են կամ իրենց սուրբ պարտքն ու նպատակն են համարում խոսել Ժողովրդի Ազգի, Հայրենիքի մասին, պատեհ-անպատեհ, առիթ-անառիթ, խոսում են ժողովրդի, ազգի անունից, առանց հարցնելու այդ ժողովրդի ցանկությունը, կամքը: Խոսում են կողքներն՝ ունենալով մի քանի հոգի, մի փոքր խումբ, խառնամբոխ կամ մեծաքանակ ամբոխ: Խոսում են՝ չիմանալով՝ ինչ է ժողովուրդը, ինչ է ազգը, ինչ է իրենց շրջապատած ամբոխն ու նրա հոգեբանությունը, և չեն պատկերացնում նրանց գործողությունների հնարավոր հետևանքները, միայն թե խոսեն ու կարևորը՝ մտահոգ դեմքով:
Երևի սրանց պետք է հիշեցնել, որ ժողովուրդը մարդու հոգնակի ձևն է և դիտվում է որպես մի ամբողջականություն, որը վերագրվում է էթնիկ խմբերին և ազգերին: Այն տվյալ երկրի բնակչությունն է, մարդկանց պատմականորեն կազմակերպված սոցիալ-էթնիկական ընդհանրությունները՝ ցեղի, ազգության, ազգի, մարդկանց հավաքականությունը: Ժողովուրդը երկրի, տերության բնակչությունն է, ազգի բոլոր անհատների ամբողջությունը, ազգությունը, մարդկանց բազմությունը, որևէ տեղի (գյուղի, քաղաքի, մարզի) բնակչությունը, պետության հպատակների ամբողջությունը:
Ժողովուրդ բառի հոմանիշների մեջ նաև նշվում է՝ բազմություն, ամբոխ, խառնամբոխ, խուժան, խալխ հասկացողությունները:
Շատերը վրդովվում են ամբոխ բառից, ամբոխավարի, ամբոխանման, ամբոխախելք, ամբոխահաճո՝ մոռանալով խորհրդային գրաքննություն անցած Չարենցի խելագարված ամբոխներին… Իսկ ամբոխավարությունն ու ամբոխահաճո պահելաձևն ամենուրեք է: Մի քանի հոգով հավաքվում ու անկապ խոսքերով, գոչումներուվ, կարգախոսերով, պահանջներով, տրանսի մեջ ընկնելով չափչփում են փողոցներն՝ իրենք էլ չիմանալով, թե ինչ են ուզում և ինչպես… Եվ երկիրը՝ հատկապես սոցցանցերը, ընկնում են հոգեխանգարմունքի մեջ…
Եվ կապկում են, նմանակում, սկսում հաճոյախոսել, իրենց ի ցույց դնել, նույն տափակ խոսքերը կապկել, կրկնել ու տարածել… Անիմաստ ու անբովանդակ, միայն թե հետ չմնան…
Սահմանում զոհված զինվորի մահախոսականից, ինչ-որ դեպքերից, քաղաքական ընդհարումներից, ցույցերից, միջադեպերից, ոստիկաններին հայհոյելուց և ինչ-որ սուբյեկտների ու զոմբիների խմբի գովերգելուց սկսած…Համեմված նաև հայհոյանքներով, անեծքներով, վերջացրած կապուտիկյանական պաթետիկայով… Մի խոսքով՝ խելակորույս, խելակորույս աշխարհ… Վիրտուալ և իրական…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել