Картинки по запросу վրաստանԱյն ամենն, ինչ հանգստյան օրերին տեղի ունեցավ Վրաստանում, իր մեջ և՛ հակադրություններ, և՛ օրինաչափություններ է պարունակում։ Բաթումիի դեպքերից ընդամենը ժամեր առաջ տեսանյութ էր տարածվել, որտեղ Վրաստանի վարչապետը գեղեցիկ հյուրընկալություն էր պատրաստել իր երկիր այցելած վեցմիլիոներորդ զբոսաշրջիկի համար։ Դրանով գեղեցիկ փորձ արվեց ցուցադրելու, թե ինչպիսի գեղեցիկ ու հյուրընկալ երկիր է Վրաստանը։ Փոխարենը հաջորդ օրը կարմիր գծերի վերաբերյալ մի խումբ դժգոհ քաղաքացիներ դուրս եկան քաղաք՝ բողոքի ցույց անելու, որտեղ ոստիկանության մի քանի մեքենաներ վառվեցին ու կարգ ու կանոնը վերականգնելու համար քաղաքի իրավապահ մարմինները ստիպված եղան արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների նկատմամբ։ Այսօր արդեն քաղաքում ամեն ինչ կարգավորվել է, սակայն հենց այստեղ է հակադրությունը։

Վրաստանը թե՛ սոցիալապես, թե՛ քաղաքականապես համեմատաբար կայուն երկիր է Հայաստանի նկատմամբ։ Սակայն վրացիները նաև խնդիրներին համեմատաբար թեթև նայելու ու մինչև վերջ գնալու ցանկություն ունեն։ Նրանք դա մի անգամ արդեն կարողացել են կյանքի կոչել, նկատի ունենք կանոնակարգված ու հստակ ձևակերպված բողոք, որի արդյունքում երկրում իշխանություն է փոխվել։ Այժմ նրանք փորձում են հասնել ավելիին։ Նրանց համար Հայաստանը և Ադրբեջանն այլևս մրցակցության թիրախ չեն, նրանք փորձում են ժողովրդավարության, զարգացման թեմաներով ոտք մեկնել շատ ավելի զարգացած երկրների հետ։ Փոխարենը տեսեք՝ ինչպես են դեպքերը զարգանում Հայաստանում։ Նույնիսկ ամենախոստումնալից բողոքի ակցիաները, քաղաքական միջոցառումները հեշտությամբ ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում դառնում են նվազ հետաքրքիր ու ձանձրալի, ու հավատացեք, իշխանությունը մեղավոր չէ սրա համար։ Այսինքն՝ դիտավորյալ այն խեղելու մեջ նա որևէ մեղք չունի, որովհետև եթե բողոք կոնսոլիդացնողը ունենա գործողությունների հստակ ծրագիր, ապա այդ պարագայում մենք կարող ենք տեսնել լրիվ այլ իրավիճակ ու այլ լուծումներ։ Վրացիները, սակայն, մինչև վերջ գնալու, նույնիսկ սեփական կյանքը վտանգի տակ դնելու համար ունեն և բավականին արտիստիկ և վճռական հասարակություն, քանի որ իրենք այդ ամենը պատկերացնում են խելահեղ տեմպի ու փոփոխությունների տեսքով։ Հետևաբար իշխանություններն էլ այլևս չեն կարող նրանց պահանջները բավարարելու համար հայտարարել, թե գիտեք, տեսեք ինչպես են ապրում Ադրբեջանում, ինչպես են ապրում Հայաստանում և այլն։ Հանրությանը, կրկնում եմ, դա չի հետաքրքրում, ուստի նրանք ստիպված են լինում ավելի լավ աշխատել, ինչից շահում է թե՛ հանրությունը, թե՛ ամբողջ երկիրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել