Անի Հակոբյան

Բոլոր ժամանակներում և գրեթե բոլոր հասարակություններում ընդունված է եղել, որ իր զգացմունքների մասին առաջինը պետք է խոսի տղան: Սա համարվում էր ի վերուստ տրված, և ոչ մի աղջկա մտքով չէր անցնում խախտել այս «չգրված» օրենքը: Սակայն, ժամանակները փոխվում են, գլոբալիզացիան հրաշքներ է գործում ոչ միայն գիտության և տեխնիկայի բնագավառում, այլ նաև մարդկային հարաբերությունների մեջ: Մեր օրերում արդեն ամեն ինչ ավելի հեշտ է: Ով համարձակ է, նրա ձեռքում էլ խաղաքարտերն են: Ոչ ոքի այլևս չի զարմացնի այն աղջիկը, ով առաջինը խոսի իր զգացմունքների մասին: Եվ այս անգամ ես և իմ կոլեգա, մեր բլոգի սիրային հարցերի մասնագետ Կոնստանտին Տեր-Նակալյանը որոշեցինք անդրադառնալ այս թեմային, և ձեզ հետ կիսել մեր կարծիքները այս հարցի շուրջ: Եվ քանի որ արդեն ոչ ոք չի զարմանում, որ աղջիկը առաջինն է խոսում, թերևս սկսեմ ես ))))))) 

Սիրելի աղջիկներ, հավատո՞ւմ եք, որ յուրաքանչյուր ոք ինքն է իր կյանքի դարբինը: Եթե այո, ապա շատ ճիշտ եք, իսկ եթե ոչ` նշանակում է, որ դուք ունեք շատ ցածր ինքնագնահատական և վստահ չեք ձեր ուժերի վրա, ինչը շատ վատ է: Ինչքա՜ն աղջիկներ կան, որոնք հավատում են ճակատագրին (այսինքն ոչ իրենց), և ամբողջ կյանքում սպասում են, որ մի օր կհայտնվի ՆԱ, ում իրենք սպասում են: Բայց անցնում են օրերը և տարիները, իսկ իրենց միակը չկա ու չկա…Եվ այդ ժամանակ աղջիկները հիասթափված իրենց կյանքից ու ճակատագրից, այդ ամենը բարդում են ճակատագրի վրա` «ուրեմն իմ բախտը չէր…» : Բայց նրանց մտքով էլ չի անցնում, որ երջանիկ լինելու շատ ու շատ հնարավորություններ են ունեցել: Պարզապես հարկավոր էր ճիշտ ժամանակին ընդառաջ մի քայլ անել դեպի ճակատագիրը: Իսկ աղջիկներից շատերը հիմնականում չեն անում այդ քայլը: Իսկ պատճառները բազմաթիվ են, սկսած դաստիարակությունից, որ աղջիկը պետք է համեստ լինի (որի տակ չգիտես ինչու հասկացվում է զգացմունքների մասին լռելը), վերջացրած դարերով եկած ավանդույթով, որ տղամարդն է ընտրում իր կնոջը, կամ աղջկա ծնողներն են աղջկա փոխարեն ընտրություն կատարում: Պատճառների մեջ կարելի է նաև ներառել, որ աղջիկները վախենում են անել այդ քայլը, քանի որ «կարող են ասել», որ աղջիկը վազում է տղայի հետևից և ինչու չէ, աղջիկները նաև վախենում են այդ քայլը անել, որովհետև տղաների հոգեբանության մեջ միշտ էլ առկա է «որսորդի» բնազդը և նրանք շատ շուտ են հիասթափվում այն աղջիկներից, ում սիրուն հեշտ են արժանանում և ում համար չեն պայքարում…..Իսկ մինչև խոսքս սիրային գործերի մասնագետին փոխանցելը մի խորհուրդ տամ իմ սեռր ներկայացուցիչներին: Եղեք պարզ և այնպիսին, ինչպիսին կաք, մի ձևացրեք ոչ դեպքում և մի կեղծեք ձեր զգացմունքները: Իսկ առաջին քայլը անելու տակ անպայման չէ  ուղիղ հասկանալ գնալ և տղային ասել, որ սիրում եք իրեն, կարելի է պարզապես ձեր ընտրյալին «հասկացնել», որ դուք անտարբեր չեք իր հանդեպ և որ նա քայլեր ձեռնարկի, ապա մերժման չի հանդիպի:

Կոնստանտին Տեր-Նակալյան

Ճիշտն ասած, երբեք այս հարցադրումը ուղիղ տեսքով չէի արել, և երբ այսօր ինքս ինձ այդ հարցը տվեցի, գիտակցեցի, որ բավականին լուրջ և ակտուալ հարց է: Մի կողմից, հիշում եմ, որ երբ բնակվում էի ԱՄՆում, ամենևին անսովոր չէր այն երևույթը, երբ աղջիկն էր առաջինը հայտնում իր համակրանքի մասին, դրանով իսկ դրդելով տղային ակտիվ գործողությունների անցնելու կամ պարզապես նրա ուշադրությունը` իր վրա սևառելու համար: Սակայն մենք հիմա ապրում ենք Հայաստանի Հանրապետությունում, որտեղ մինչ օրս նման քայլը բնակչության մեծամասնության կողմից դիտարկվում է որպես առնվազն խիստ համարձակ քայլ: Քննարկենք մնան քայլի նպատակահարմարությունը, առավելություններն ու թերությունները մեր հասարակության միջավայրում:

Նախ նշեմ, որ ամեն դեպքում, անձամբ ես, դատապարտելի չեմ համարում այն երևույթը, երբ աղջիկը այնքան քաջություն է ունենում, որ արտահայտվի իր զգացմունքների մասին, սակայն այդ քայլը ես համարում եմ բավականին ռիսկային ու անհեռատես: Միակ սցենարը, երբ նման քայլն իրեն կարող է արդարացնել, երբ տվյալ աղջկա նկրտումների առարկա հանդիսացող տղան խիստ ամաչկոտ ու կաշկանդված է սեփական զգացմունքները արտահայտելու համար: Նման դեպքում աղջկա խոստովանությունը կարող է դառնալ այն անհրաժեշտ խթանը, որը հետագայում կօգնի կառուցել հարաբերությունները: Այնուամենայնիվ, նման սցենարը, թեև չէի դասի գիտաֆանտաստիկ սցենարների շարքին, սակայն, գոնե մեր երկրում բավականին հազվադեպ է:

Հիմա անդրադառնամ այն պատճառներին, որոնք ըստ իս վկայում են նման քայլի աննպատակահարմարության մասին: Մի կողմ դնենք մեր ադաթ-մադաթները, մենտալիտետ-մունտալիտետը և այլ ձեռքբերովի հատկանիշներ: Ինչպես Անին նշեց, տղամարդկանց մեջ դեռ կենդանի է որսորդի, գիշատիչի բնազդը, ու մեզ մոտ ենթագիտակցական մակարդակի վրա կինը ընկալվում է, որպես մրցանակ կամ ասել ռուսները` տրոֆեյ: Այդ իսկ պատճառով` նույն ենթագիտակցական մակարդակի վրա, մենք կարիք ենք զգում պայքարելու, որպեսզի արժանանանք այդ մրցանակին: Ի վերջո, հաճախ ավելի հետաքրքիր է աղջկան գրավելու բուն պրոցեսսը, քան դրա արդյունքները, որովհետև ադրենալինի ու էմոցիաների այն չափաբաժինը, որ ստանում ես այդ պրոցեսից չես համեմատի գրեթե ոչնչի հետ: Մինչդեռ, երբ աղջիկը առաջինն է հայտնում իր համակրանքի կամ զգացմունքների մասին, նա առնվազն թուլացնում է տղայի մոտ իր` <<Մրցանակային>> իմիջը, որը բնավ օգտակար չէ ամուր հարաբերություններ կառուցելիս:

Մյուս հանգամանքը, որի մասին կուզենայի նշել, նույնպես կապված է վերոնշյալ բնազդային ընկալման հետ, սակայն մի քիչ անդրադառնամ տվյալ հարցի սկեպտիկական ասպեկտին: Ինչ կլինի, եթե տղան օգտվելով հնարավորությունից չարաշահի աղջկա զգացմունքներն ու վստահությունը, ի վերջո մեր տղաներից շատ-շատերը ոչ միայն հեռու են ասպետական իմիջից, այլ հաճախ հանդիպում են անթաքույց ու չծպտված տականքներ: Նմանները չեն վարանի պարզապես օգտագործել աղջկան խաղալիքի պես, իսկ երբ ձանձրանան տվյալ խաղալիքից` կհրաժարվեն հեշտությամբ, քանի որ առանձնապես չեն չարչարվել որպեսզի ստանան այդ խաղալիքը:

Մի խոսքով, թեև ես բաոյական հանցագործություն չեմ համարում տվյալ երևույթը, սակայն խորհուրդ կտամ աղջիկներին հնարավորինս խուսափել նման քայլից: Այն արդարացված կարող է լինել միայն կամային թույլ հատկանիշներ ունեցող տղաների նկատմամբ, իսկ դա արդեն տվյալ աղջկա ճաշակի ու նախասիրությունների հարցն է, թե արդյոք ուզում է նման տղամարդու, թե ավելի հաստատակամ ու ինքնավստահ:

Կան բազում թերություններ այս քայլում, որոնցից միայն մի քանիսի մասին խոսեցի, սակայն չեմ ուզում հատ առ հատ անդրադառնալ բոլոր հնարավոր և անհնար տարբերակներին: Կասեմ միայն, որ կնոջ մեջ, գոնե ինձ գրավող առաջնահերթ հատկանիշներից մեկը կանացիությունն է, որն իսկ ենթադրում է այդ թվում նաև այնպիսի մի կարևոր ունակություն, ինչպիսին է դուր եկած տղամարդուն առանց բառերի իր ցանկությունը հաղորդելը: Եղեք կանացի, եղեք խելացի, և այդ ժամանակ, կարքի չեք ունենա անհարմար դրության մեջ հայտնվելու, որովհետև տղամարդը ինքը կանի ամեն ինչ ձեր փոխարեն:

Հուսով եմ օգտակար եղանք Ձեզ սիրելի ընթերցողներ……..Առաջնորդվեք ՍԻՐՈՎ, իսկ այդ դեպքում ամենևին էլ կարևոր չէ քայլերի հերթականությունը……

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել