Image result for գյումրիԱնցած օրը Սև Բերդում էինք... մեր Սև Քաղաքի... Գնացել էինք հրաշագործ Մանսուրյանի համերգ-երեկոյին մասնակցելու, համ էլ ողջունելու Բերդի Նոր Կյանքը: Գյումրվա համար հույժ կարևոր է վերգտնել երբեմնի Արվեստի ու Արհեստի Քաղաքի իր նշանակությունը, և պարզապես հուզիչ էր տեսնել հարյուրավոր գյումրեցիների հպարտ հոսքը դեպի Ամրոց..հպարտ, բայցև մտահոգ:
Նրանք կարծես գիտակցում էին, որ մեր Մեծությունների՝ Մանսուրյանի, Հասմիկ Պապյանի, նաև Ռոբերտ Մլքեյանի ներկայությունը Քաղաքում արդեն իսկ ազդանիշ և հույս է հնարավոր փոխակերպման, բայց, միևնույն է, տխրության մի ահռելի մեծ դաջվածք կար գյումրեցիների դեմքերին, և այդ դաջվածքը արդեն ավելի քիչ աղերս ուներ երկրաշարժի հետ, քան այժմյան անմխիթար թվացող վիճակի։ Տխուր էր նաև մաեստրո Մանսուրյանի երաժշտությունը...
Բավական ծանր և դառնացած, ռեքվիեմական տրամադրությամբ շարժվում էինք արդեն դեպի ելք, երբ մանչկական մի զրգուն ձայն ստիպեց շրջվել. «Մամ, մամ, ընչի՞ ըդպես տխուր կնվագեին օրց... Շեկ, գանգուր մազերով, պեպենոտ դեմքով մի արևային մանչուկ էր, իսկը ասես Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս»-ից, իր պայծառ դեմքով ու հիասքանչ «ընչի՞» -ով ամբողջապես շուռ տվեց վիճակը, հանդիսացավ այն Ճերմակ ու Լուսավոր կետը մեր Սև Քաղաքում, որը ՄԻԱԿ հուսադրողն էր...
Ճիշտ այդպես էլ երկրում է. քանի որ արդեն կա և աստիճանաբար հզորանում է Նոր Սերունդը, որի համար անհասկանալի է, թե «ընչի՞ է տխուր, ընչի՞ է մռայլ, ընչի՞ է սխալ, ընչի՞ է անարդար», մենք կարող ենք հանգիստ լինել երկրի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել