Անգլերենի շտեմարանի հեղինակային խմբի հարգելի անդամներ,

Ուշադրությամբ ծանոթացա ՀՀ վարչապետին ուղղված նամակիս պատասխանին, որտեղ չգտա իմ կողմից հնչեցված շատ կարևոր հարցի պատասխանը՝ որքանո՞վ են ձեր կազմած շտեմարանները համապատասխանում ՀՀ Պետական չափորոշիչին: 
Չգիտեմ՝ որքանով եք տեղյակ 2010 թվականի ապրիլի 8-ի ՀՀ կառավարության հ.439-ն որոշմամբ հաստատված ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԵՒ ՀԱՍՏԱՏՄԱՆ կարգին, որի ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐ վերնագրի տակ, 1-ին կետում գրված է. «Ավագ դպրոցի ծրագրի «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է սովորողների բանավոր ու գրավոր խոսքի միջոցով Հայաստանը, նրա մշակութային արժեքները ներկայացնելուն»: Հրապարակավ խնդրում եմ հանրությանը տեղեկացնել, թե օտար լեզվի շտեմարաններում Հայաստանին, հայկական մշակույթին նվիրված քանի՞ նյութ կա, ի՞նչ են նրանք իրենց մեջ պարունակում: Երկրորդ՝ ինչպե՞ս է միասնական քննությունն ապահովում օտար լեզվից բանավոր խոսքի հմտությունը, որի վերաբերյալ շտեմարանների հեղինակները մասնավոր զրույցի ժամանակ ասում են, որ Հայաստանի, նրա մշակութային արժեքների մասին բանավոր արտահայտվելու հմտությունը ստուգվում է միայն օտար լեզուների ֆակուլտետների դիմորդների մոտ, որը չի հրապարակվում, այսինքն՝ անձամբ վստահ չեմ, որ Պետական չափորոշիչի այս պահանջն իրականացվում է բանավոր քննության ժամանակ: Առաջին եզրակացությունս հետևյալն է՝ քանի որ TOEFL, Cambridge exam, IELTS, ITEP, TOEIC տեքստերում Հայաստանի և հայ մշակույթի մասին, բնական է, տեքստեր չկան, ուրեմն մտահոգությունս հիմնավորված է՝ Պետական չափորոշիչի պահանջը ուղղակի ոտնահարվել է: 
Հաջորդը, առանց կրկնուսույցների օգնության քանի՞ շրջանավարտ կարող է հաջողությամբ հանձնել օտար լեզվից միասնական քննություն: Քանի որ այս հարցի պատասխանը բոլորս գիտենք, ուրեմն երկրորդ եզրակացությունը՝ մի անտեսանելի ուժ ամեն ինչ անում է, որպեսզի տապալվի կրթության ոլորտում Հայաստան պետության մեջ պետական քաղաքականությունը, և շահի բիզնեսը՝ ի դեմս շտեմարանային բիզնեսի, որն առանձին թեմա է: Այս մասին կխոսենք ավելի ուշ:
Կրթության ոլորտի փորձագետ՝ Անահիտ Բախշյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել