Հարգելի Րաֆֆի Հովհաննիսյան, ուրախ եմ, որ այնքան բաց եք հանրության համար, որ հիմա կարող եմ այստեղ գրել ու համոզված լինել, որ կիմանաք մտավախություններս, ցանկություններս… Դուք Ձեր և Ձեր ընտանիքի գործունեությամբ ապասուցել եք, որ ազնիվ ու հայրենասեր մարդ եք, եթե մյուսները միայն խոսում են, ապա Դուք նաև գործով եք ապացուցել դա: Այդ ամենի համար այսօր շնորհակալ եմ: Ուրախ եմ նաև, որ Դուք կարողացաք կես միլինոնից ավելի հայաստանաբնակ հայերի փոփոխության հույս ներշնչել: Բայց այն, ինչ կատարվում է այս օրերին, ինձ`ճշմարտությունը որոնող սովարական հայ աղջկան, շատ է հուզում: Ցավոք, թե բարեբախտաբար, ստացածս մասնագիտական հմտություններն ու առկա ինֆորմացիոն հոսքերը թույլ չեն տալիս լիովին հավատալ այն ամենին, ինչ անում եք: Ես տեսնում եմ մարդկանց, ովքեր շատ լավ տիրապետում են ամբոխավարման տեխնիկաներին, ովքեր գիտեն լոզունգներ ձևավորել, մարդկանց մեջ ոգի արթնացնել, ուղղորդել այն գործողությանը, որն ակնկալում են, գիտեն` ինչպես մի հայ ժողովրդից ՄԵՆՔ ու ՆՐԱՆՔ ձևավորել: Դա, միգուցե, արդարացված է ՓՐԿԻՉ ձևավորելու տեսանկյունից, բայց միայն ու միայն, երբ դա իրական Փրկիչ է, ոչ թե Հակահերոսի դիրքերն ամրապնդող դերակատար…
Հիմա ուզում եմ հարցնել` ի՞նչ է անելու Ձեզ հավատացող հայը, որին այդքան սնում եք հաղթանակի մասին հույսով, ի՞նչ է անելու, երբ այլևս չի լինելու այն ամբոխը, որի ներսում նա իրեն այդքան ուժեղ, կարող ու ինքնավստահ էր զգում: Ի՞նչ է անելու, եթե հանկարծ պարզվի, որ հնարավոր չէ… Ի՞նչ է անելու, երբ հանկարծ հասկանա, որ այն, ինչ ուզում եք Դուք և հարթակին կանգնած մյուս հայերը, շատ հեռու է իր ցանկացածից… Ի՞նչ է անելու, երբ նորից կանգնի կոտրած տաշտակի առջև, մինչդեռ նա այնքան երազում էր թագավոր լինելու մասին… Ի՞նչ է անելու…
Խնդրում եմ` սա ընդունեք որպես բարեկամի խոսք, քանզի ես սադրիչ չեմ, ոչ էլ պրովոկատոր, ես ճշմարտությունը որոնող սովարական հայուհի եմ…
Հարգանքներով` Հայաստանի պայծառ ապագային հավատացող Անի Նազարյան:
Հուսով եմ` ինչ-որ կերպ կստանամ հուզող հարցերիս պատասխանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել