Նյու Յորքում ավարտվեց «Հայաստան» ներդրումային համաժողովը: Անունն էր՝ «Հայաստան»: Իրականում մեր ներկայացուցիչները հիմնականում խոսում էին այն հնարավորությունների մասին, որոնք ընձեռում է Եվրասիական միությունը: Այսինքն՝ Հայաստանը հանդես էր գալիս պարզապես որպես այդ միության գովազդող, հասկացնելով՝ մենք մեր արևմտյան կապերի և մասնավորապես Սփյուռքի շնորհիվ հնարավորություն ունենք խթանելու Արևմուտքի կապերը Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ: Արդյոք ամենալավ ժամանակն է ընտրված և արդյոք հույսեր ունենք: Ռուսաստանի հետ Արևմուտքը հիմա ԱՄԵՆԱՎԱՏ հարաբերությունների մեջ է: Ղազախստանի նախագահը, հրաժարվելով Երևան գալուց և մասնակցելուց ՀԱՊԿ-ի գագաթնաժողովին վատառողջության պատրվակով, աներկբա հասկացրել է՝ առանց ձեզ կհարաբերվեմ Արևմուտքի հետ: Շատ դժվար է պատկերացնել, թե Բելառուսը ինչու պիտի Հայաստանի կարիքն ունենա Արևմուտքի հետ տնտեսական կապերը զարգացնելու համար: Ղրղզստանի մասին պարզապես դժվար է որևէ բան ասելը․ չնչին նշանակություն ունի Արևմուտքի համար: Այսինքն՝ գնացել ենք Նյու Յորք, Եվրասիական միության վարչապետ Տիգրան Սարգսյանին էլ տարել ենք, որ ո՞ւմ շահն առաջ տանենք: Հայաստանի, բայց Հայաստանի՝ որպես Եվրասիական միության անդամի, որովհետև առանց այդ միության Հայաստանը գրավիչ շուկա չէ: Իսկ որպես այդ միության անդամ գրավի՞չ է: Եթե հաջողվեց համոզել, որ գրավիչ է, շուտով արդյունքները կզգանք: Վախենամ՝ Հայաստանի ղեկավարությունը Մոսկվայում ընդամենը հաշվետվություն կներկայացնի, թե ինչ մեծ գործ է արել Եվրասիական միության համար ու նաև մեր գարնանային ընտրություններից առաջ իշխանական կուսակցությունը ճոռոմ-ճոռոմ կխոսի, թե ինչպիսի աննախադեպ համաժողով է անցկացրել Նյու Յորքում, ինչը ոչ մի այլ պետության չի հաջողվել: Իսկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղի բնակիչ Կարո Գաբրիելյանն էլ հեռուստատեսությամբ այդ ամենը լուռ կդիտի, կլողանա, կթրաշվի, ճամպրուկը կհավաքի, կնոջն ու երեխաներին կհամբուրի ու կզանգի հարևանին՝ Հարու՛թ, Ռաստովի ռեյսից ուշանում ենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել