Image result for արդյունաբերություն

Ցանկացած տնտեսության համար կարևորագույն ճյուղ է համարվում արդյունաբերությունը: Այս ոլորտում իրականացվում են մի շարք ուսումնասիրություններ, որոնցից մեկը վերաբերում է ռադիոակտիվ հումքին: Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ վերը նշված ուսումնասիրություններն իրականացնող կառույցը լինի փորձառու և անաչառ: Այս ուղղությամբ նոր կառավարությունը որոշակի քայլեր է իրականացնում:

Մասնավորապես՝ առաջարկվում է օրինագիծ, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ ընտրել ընդերքի ուսումնասիրություն կատարելու համար մրցույթի դիմած ընկերությանը: Ակնկալվում է, որ ընտրության ժամանակ հաշվի կառնվեն ընկերության կողմից ընդերքօգտագործման ոլորտում նմանատիպ աշխատանքների փորձը, ընդերքօգտագործման առաջարկվող ծրագիրը, նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների կիրառումը և միջազգային փորձի հաշվառումը:

Առաջնային կլինի նաև ընկերության կողմից նախատեսված ներդրումների ծավալը, ստեղծվելիք աշխատատեղերի քանակը, մրցույթի մասնակիցների կողմից առաջարկվող՝ աշխատանքների կատարման ընթացքում շրջակա միջավայրի պահպանության, բնակչության առողջության անվտանգության և տեխնիկական անվտանգության ապահովման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները, ինչպես նաև ֆինանսական և տեխնիկական կարողությունները: Այլ կերպ ասած՝ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի պետական ռեսուրսների հետ առնչություն ունեցող կառույցները լինեն հնարավորինս պրոֆեսիոնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել