Image result for Լևոն ԱլթունյանՍեպտեմբերի 29-ին՝ գործադիր մարմնի նիստից առաջ, առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը  կարճ զրույց է ունեցել լրագրողների հետ: Պաշտոնավարման ընթացքում սպասվելիք փոփոխություններից զատ լրագրողները հարց ուղղեցին Ալթունյանին վերջինիս «միլիոնների» վերաբերյալ: Նախարարն էլ պատասխանեց. «Ես կարող էի հերքել իմ միլիոնատեր լինելը: Մոսկվայի ցանկացած բնակիչ, եթե վաճառի իր բնակարանը, ինքը միլիոնատեր է»:

Նախ հարկ եմ համարում հիշեցնել, որ մինչ նախարարի պաշտոնը ստանձնելը, Ալթունյանը փաստացի զբաղվել է բիզնեսով, եղել է «Ինգո Արմենիա»-ի գործադիր տնօրեն և վերջին քսան տարիներին աշխատել է հենց բժշկական ոլորտում:

Կարծում եմ՝ այսքանն արդեն իսկ պատասխանում է միլիոնների մասին խոսակցություններին:
Եվ երկրորդ՝ ի՞նչ է նշանակում մարդուն կասկածանքով հարցնել իր միլիոններից ու Շերլոկի առոգանությամբ կամ Լեոնիդ Կանևսկու տոնայնությամբ փորձել բացահայտումներ անել: Միջինից բարձր ծրագրավորողը երեք տեղ համատեղությամբ աշխատելու դեպքում պոտենցիալ միլիոնատեր է, էլ չեմ ասում բարձր որակում ունեցող ինժեների կամ ֆինանսիստի մասին:

Այսինքն՝ ի սկզբանե քննարկումը տեղափոխվում է անառողջ դաշտ: Ժամերով խոսում են նախարարի հետ ու ոչ մի խոսք առողջապահության մասին: Լավ կլինի նախ տեսնենք, թե ինչպիսի զարգացում է ունենում ոլորտը, հետո նոր որոշենք՝ դա ինչ-որ կապ ունի Ալթունյանի միլիոնների հետ, թե ոչ: Մյուս կողմից էլ կարևորը ոչ թե միլիոններ ունենալու փաստն է, այլ դրանց հասնելու ճանապարհը՝ այն արդար է, թե՞ անարդար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել