Ռոմանտիզմի, եւ հատկապես, Ֆրանսիական մեծ հեղափոխության գաղափարների ազդեցության տակ մարդը դարձավ բարձրագույն արժեք, մեծացավ նրա նկատմամբ ուշադրությունն ու սերը: Մարդակենտրոն աշխարհում կարեւորվեցին մարդու իրավունքների եւ ազատությունների խնդիրները: Եվ բնականաբար մեծացավ մարդու նկատմամբ հոգատարությունն ու սերը: Ճիշտ է՝ Սերը քաղաքական կատեգորիա չէ, սակայն էական նշանակություն ունի մարդկային եւ հասարակական հարաբերություններում: Օրինակ՝ աշխատանքի բարձր արդյունավետություն ապահովելու համար կարեւոր են ոչ միայն աշխատակիցների մասնագիտական բարձր որակները, այլեւ թիմային համերաշխությունը, որը ոչ այլ ինչ է, քան հավատ ու նվիրում ընդհանուր գործի հաջողության նկատմամբ եւ փոխադարձ հարգանք ու սեր: Ֆրանսիական հեղափոխության կարգախոսի 3-րդ բաղադրիչը՝ եղբայրությունը եվրոպական արժեքներով առաջնորդվող հասարակության հիմնասյուներից է: Հասարակության անդամներից պահանջվում է եղբայրական սեր միմյանց նկատմամբ, առանց որի վտանգված են ազատությունն ու հավասարությունը: Եվ վերջապես, ազատ մարդկանց հասարակությունում, որտեղ բոլորը հավասար են Աստծո եւ օրենքների առաջ, մարդկանց մերձեցումն ու ընտանիքների կազմավորումը դուրս են ֆեոդալական բարքերի շրջանակից եւ մեծ մասամբ պայմանավորվում են փոխադարձ սիրով: Այս ամենը հաշվի առնելով՝ հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունները արդեն 18-րդ դարում սկսեցին վերականգնել եւ քաղաքացիականացնել սիրո տոները: Ինչպես հին աշխարհի, այնպես էլ քրիստոնեական նոր ժամանակների սիրո հովանավորները ամենամեծ ժողովրդականությունն են վայելում բոլոր ժողովուրդների մոտ: Հատկապես ուշագրավ է ճապոնացիների օրինակը. ճապոնացի տղամարդիկ այդ տոնի ժամանակ հրապարակավ բարձրաձայնում են իրենց սիրո մասին: Իսկ ամաչկոտներն այդ անում են աջակցող խմբի ուղեկցությամբ: Մեր եկեղեցին էլ ունի սիրո հովանավոր սուրբ: Նրա տոնն անցնում է անհամեմատ ավելի համեստ: Ինչո՞ւ է այդպես: Միգուցե 22 տարի սեփական պետություն կառուցողը դեռեւս ինքնահաստատման չի՞ հասել, եւ ամաչկոտ ճապոնացու նման վախենո՞ւմ է բարձրաձայնել իր խոստովանությունը: Միգուցե գենետիկ հիշողության ծանրության տակ իրեն շատ ծե՞ր է պատկերացնում եւ տարիքին անհարի՞ր է սիրային խենթություններ անելը: Որքա՞ն ժամանակ կարող է այդպես շարունակվել, եւ տեսանելի ապագայում հնարավո՞ր է, որ փոփոխվի Սուրբ Սարգսի տոնի ծեսը: Մինչ կգտնենք հարցերի պատասխանները….«Սիրեցեք զմիմյանս, բայց նամուս-թասիբով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել