Ի՞նչ են «Սասնա ծռեր»-ը հակադրում ընտրություններին

Այսօր լրագրողների հետ զրույցում Ալեք Ենիգոմշյանը հայտնել է, որ «Սասնա ծռեր» քաղաքական շարժումը չի մասնակցելու Ազգային ժողովի ընտրություններին: Շարժումը իր ռազմավարությունը չի կարող կառուցել ընտրությունների վրա:

Այստեղ փաստորեն, մենք ականատես ենք լինում դասական քաղաքական գործընթացներից «Սասնա ծռեր»-ի հեռացման: Ավելի ճիշտ, այդ խումբն ու իր աջակիցները ինչպես հեռու եղել են քաղաքական պայքարի ընդունելի եղանակներից, այդպես էլ շարունակում են մնալ:

Սովորաբար քաղաքական կառույցները, որոնք կոչվում են կուսակցություններ, ստեղծվում են իշխանության գալու և հետագայում այդ իշխանությունը պահելու համար: Իսկ ժողովրդավարական երկրներում, այդ թվում Հայաստանում, իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով: Սա կուսակցության ու կուսակցական գործունեության քաղաքագիտական ու ոչ զգայական բացատրությունն է:

Հիմա, եթե «Սասնա ծռեր»-ը ձգտում է իշխանության ու մյուս կողմից իր ռազմավարությունը չի կառուցելու ընտրությունների վրա, հապա ի՞նչ միջոցներով է շարունակելու իր քաղաքական պայքարը: Արդյո՞ք հայ հասարակությունն ավելի հակված է ցույցերի ու տարբեր հանրային ակցիաների, քան ընտրությունների: Ու եթե 2-3 հազար մարդ (առավելագույնը) հավաքվում էր «Սասնա ծռեր»ի համակիրների ակցիաներին, արդյո՞ք դա բավական է, որ նոր ձևավորվող այս քաղաքական ուժը այդ միջոցով քաղաքական դաշտում ինչ-որ բան փոխելու ռեալ հավակնություն ունենա:

Եվ եթե դա այդպես չէ, կնշանակի որ «Սասնա ծռեր» քաղաքական կառույցի նոր ռազմավարությունը նույնքան կասկածելի և արկածախնդիր ռազմավարություն է դառնալու, որքան Սասնա ծռեր զինյալների ռազմական գործողությունն էր ՊՊԾ գնդի տարածքում ու դրան զուգահեռ ընթացող ակցիաները, որոնք ի վերջո գրեթե մարեցին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել