Ամենայն անկեղծությամբ եմ ասում, ես ապշած եմ Սեֆիլյանի կողմնակիցներ արած «հերոսությունից»։ Ոմանք հիմա ամենավերջին բառերով նախշում են Սեֆիլյանին ու նրա աղանդի հետևորդներին, ոմանք ընդհակառակը՝ համարում են, որ նրանք շատ ճիշտ բան են արել, կամ էլ՝ էդքան էլ վատ բան չեն արել։ Չեմ պատրաստվում մտնել պոլեմիայի մեջ, կամ էլ հարել կողմերից մեկին։ Առավելագույն վիրավորական բանը, որ կասեմ հետևյալն է․ անուղեղ են բոլոր նրանք, ովքեր Հայաստանում նման բան են իրականացնում և բոլոր նրանք, ովքեր հիացած են դրանով։

Հայաստանն այն երկիրն է, որտեղ նման բան անել կտրականապես չի կարելի, որովհետև․․․

1․ Մենք պատերազմական վիճակում ենք ու ցանկացած ներքին անկայունություն մեծացնում ռիսկը՝ այնամասշտաբ ռազմական գործողությունների։ Այլ կերպ ասած, սա ուղղակի ռիսկ է սահման պահող զինվորի համար։ Սեֆիլյանի տղեն չի ծառայում սահմանում, Եղնուկյանի տղեն չի ծառայում, ՀԽ-ի գլխավոր ակտիվից ոչ մեկի տղեն չի ծառայում, դրա համար իրենք վախենալու բան չունեն։ Բայց տասնյակ հազարավոր ընտանիքներ տղա ունեն սահմանին ու այդ տղաների համար ռիսկը միայն բարձրացավ մի քանի արկածախնդրի գլխի փչածից։

2․ Ապստամբություն, հեղաշրջում ու հեղափոխություն իմաստ ունի այն դեպքում, երբ ԳՈՆԵ կա այլընտրանք։ Ո՞վ է այլընտրանքը։ Սեֆիլյա՞նը, Եղնուկյա՞նը, Խզմալյա՞նը, թե՞ Ապարանցի Պավլիկը։ Աստված մի արասցե նման ղեկավարություն ունենալ։

3․ Ես չգիտեմ, գուցե դուք գողական կյանքով եք ապրում ու առաջնորդվում եք «միլիցեքին՝ մահ» կարգախոսով։ Ես նման կյանքով չեմ ապրում ու նման կարգախոսները մերժում եմ։ Առայժմ չհաստատված տեղեկություններով, սպանվել կամ էլ ծանր վիրավորվել են 3 ոստիկաններ, ովքեր ինչ-որ մեկի որդին են, ինչ -որ մեկի ամուսինը, ինչ-որ մեկի հայրը։ Ու պարզապես՝ մեր համերկրացիներն են, ում երակներով հոսում է նույն արյունը։ Հանուն ինչի՞ թափվեց նրանց արյունը։

4․ Նման ռադիկալիզմը ծնելու է պատասխան ռադիկալիզմ, որից կարող են տուժել ոչ միայն Սեֆիլյանն ու իր սեկտանտները, այլ ըստ էության ցանկացած քաղաքացի։

5․ Խնդրեմ, աչքներիս առաջ Թուրքիայում ավանտյուր արեցին։ Ու արդյունքում ի՞նչ․ զոհվեցին հարյուրավոր մարդիկ, ձերբակալվեցին հազարավոր մարդիկ, իսկ Էրդողանը մնաց ու ավելի ուժեղ դարձավ։

6․ Զոռբի դարն անցել է, չի կարելի զենքով խոսել պետության հետ։ Առավել ևս՝ սեփական պետության։ Նախ հարցդ բացառվում է, որ լուծվի այս մեթոդով, երկրորդն էլ՝ քո հարցի պատճառով շատ անմեղներ են տուժելու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել