«Որոտանի ՀԷԿ-ը «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը վաճառվել է 180 մլն ԱՄՆ դոլարով կամ 86 մլրդ 136 մլն դրամով։ Պայմանագրի համաձայն, գնի կեսը՝ 90 մլն դոլարը (43 մլրդ 68 մլն դրամը) գնորդը վճարել է գործարքի ավարտի օրը՝ 2015թ. հուլիսի 30-ին, իսկ մյուս կեսը պետք է վճարի գործարքի ավարտման օրվանից մեկ տարի անց, այսինքն՝ այս տարվա հուլիսի 30-ին։

Վերջերս հրապարակվել են 2015թ. ընթացքում ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների ծավալների մասին վիճակագրական տվյալները, որտեղ, սակայն, արտացոլված չեն Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից առաջացած գումարները։ Այնինչ, Որոտանի ՀԷԿ-ի առքուվաճառքի գործարքը համարվում է ուղղակի ներդրում, ու պետք է այդ թիվը «երևար» նաև փաստաթղթերում՝ որպես ԱՄՆ-ից արված ներդրում։

ԱՎԾ հրապարակման համաձայն՝ 2015թ. ընթացքում ՍՄՆ-ը Հայաստանում իրականացրել Է 11 մլրդ 3863 մլն դոլարի ներդրում, որից 8 մլրդ 231.8 մլն դրամը՝ ուղղակի ներդրում։ Այսինքն՝ Որոտանի ՀԷԿ-ի գնի կեսը՝ 43 մլրդ 68 մլն դոլարը «չի երևում» ներդրումների մասին փաստաթղթում։ Սա առնվազն տարօրինակ է։ Առավել ևս, երբ ՀՀ իշխանությունները չեն մանրամասնում, թե ո՞ւր են գնացել Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից ստացված գումարները, ի՞նչ նպատակով են ծախսվել։ Միայն հայտնի է, որ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից առաջացած գումարների մի մասն ուղղվել է նախորդ տարի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետևանքով առաջացած տարբերությունը կառավարության կողմից փոխհատուցելուն, դեռ 2015թ. օգոստոսին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասել էր, թե Հայաստանի կառավարությունը Էլեկտրաէներգիայի թանկացումը սուբսիդավորելու է «Որոտանի» ՀԷԿ-ի վաճառքից ստացվոդ գումարներից։

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «ՉԻ» հարցմանն ի պատասխան նշել է, թե Որոտանի ՀԷԿ-ի վաճառքի գումարը փոխանցվել է: Թե ի՞նչ նպատակներով է ծախսվել գումարը. «ՉԻ» հարցմանը էներգետիկայի նախարարությունից չեն պատասխանել՝ պատճառաբանելով, որ դա պետական գաղտնիք է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել