Հեռվից սկսեմ... Արցախի փոխվարչապետը փաստել էր՝ Ռուսաստանից ընդամենը 30 մարդ է արձագանքել Ղարաբաղի կառավարության աջակցության խնդրանքին: Ռուսաստանաբնակ մի կին իր մեկնաբանությամբ իսկական հակահարված էր տվել, որի իմաստը մոտավորապես սա է՝ նախ, մենք այստեղ՝ Ռուսաստանում մեր ուժերի ներածի չափով անում ենք, մի բան էլ ավելի, հետո էլ տեսնում ենք, թե որքան ճոխ են ապրում հայաստանցի մեծահարուստներն ու պաշտոնյաները՝ էդ ինչու նրանց չեք մեղադրում, մեր հասցեին եք մեղադրանքներ տեղում... Սկզբից ջղայնացա՝ ոնց կարելի է հայրենիքից հեռու գտնվելով, հակահարված տալ Ստեփանակերտին, որը հակահարված է տալիս հակառակորդին... Բայց հետո մտածեցի՝ ախր սա մեր նորանկախ պետության ողջ պատմության խտացված պատկերն է՝ հենց սկզբից դրսում ապրողներին նարինջ ըմբոշխողներ անվանեցինք, սկսեցինք զբաղվել կոռուպցիայով, ժողովրդավարական ուղուց շեղվեցինք, անձնական շահերը պետականից վեր դասեցինք, բայց քառորդ դար անց էլ դրսում ապրողներին ասում ենք՝ փող ուղարկեք... Նրանք էլ արդարացիորեն պատասխանում են՝ տարիներ շարունակ փող ենք ուղարկում ու տեսնում ենք, թե ինչպես են գնալով ավելի ու ավելի շքեղ դառնում ձեր կոռումպացված պաշտոնյաների առանձնատները եւ ավտոմեքենաները... Այ սա է... Առաջին պահին ուզում ես ասել՝ հերիք չի դրսում եք ապրում, մի բան էլ պատերազմող հայրենիքն եք քննադատում, երկրորդ պահին գիտակցում ես՝ ախր իրենց տված գնահատականին ես ոչ միայն համամիտ եմ, այլեւ ամեն օր դրանից հազար անգամ ավելի խիստ բաներ եմ ասում... Ու հասկանում եմ, որ մեջս ամուր նստած է մեր հայաստանյան երկվությունը՝ մարմնիս աջ՝ հուզական մասով օրգանապես տանել չեմ կարողանում, երբ դրսից քննադատություն է հնչում, այն էլ տասնյակ զոհերից հետո, բայց ձախ մասս սառնասրտորեն արձանագրում է՝ ախր լրիվ ճիշտ են ասում, ոչ միայն ճիշտ են ասում, այլեւ ճիշտ, օգտակար բան են անում՝ հասկացնում են հայաստանցի հղփացած չինովնիկին՝ չես կարող 150 հազար դոլարանոց մեքենա քշել ու միաժամանակ փող ակնկալել դրսից... Փողը, էական փողը կգա այն ժամանակ, երբ ճաղերի հետեւում կհայտնվես... Հենց դրա համար էլ... Տես վերնագիրը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել