Տեխնիկայի զարգացումը, ի թիվս այլ երևույթների, մարդկությանը տվեց մի նոր իրականություն՝ վիրտուալ իրականությունը, որով տարվելը բերում է իրական, ֆիզիկական իրականությունից կտրվելու լրջագույն վտանգ:
Բանն այն է, որ վիրտուալ իրականության գլխավոր հատկությունը սիմուլյացիան է, հայերեն ասում են՝ իրակեղծումը:

Ինչպես համակարգչով ֆուտբոլ խաղալը ոչ մի կապ չունի իրականում ֆուտբոլ խաղալու հետ և ընդամենը ֆուտբոլ խաղալու սիմուլյացիա է, այնպես էլ վիրտուալ իրականության այլ դրսևորումները մեր բնական, ֆիզիկական, ինչպես նաև սոցիալական իրականության սիմուլյացիան են:

Շփումը, որի վրա հիմնված են սոցիալական շատ կայքեր, իրական շփման սիմուլյացիա է, որովհետև դու չես կարողանում տեսնել զրուցակցիդ միմիկան, չես զգում նրա խոսքի ինտոնացիան, չես կարող հետևել շարժումներին և այլն: Սոց.կայքերի հեղինակները դա լավ հասկանում են և դրա համար ստեղծում են նոր սմայլիկներ, որոնք իբր մեր վիրտուալ շփումը պետք է հնարավորինս մոտեցնեն իրականին, ինչը, սակայն, երբեք հնարավոր չէ:

Հիշու՞մ եք, ժամանակին դասարանում լավ ձեռագիր ունեցող տղան էր բոլորի փոխարեն սիրային նամակներ գրում աղջիկներին, կամ ով կարողանում էր բանաստեղծություններ գրեր, գրում էր ընկերների անունից աղջիկներին: Աղջիկներն էլ հիանում էին՝ չիմանալով, որ տողերի հեղինակն իրենց սիրահարված տղան չէ, այլ՝ մեկ ուրիշը: Վիրտուալ իրականությունն այդ երրորդ, ավելորդ մարդու նման է, ով միջնորդում է մեր զգացմունքները, մտքերը, ապրումներն ու հույզերը:

Օրինակ, եթե օգնության անհրաժեշտության մասին ստատուսի տակ մարդիկ գրում են «Մենք ձեզ հետ ենք» կամ «Աստված պահապան», ապա պետք է իմանալ, որ դա իրական օգնության սիմուլյացիա է, և անհամեմատելի է և չի փոխարինում օգնության կարիք ունեցողին ֆիզիկապես տեսնելուն և օգնելուն:

Նույնը՝ միտինգների ժամանակ, երբ հավաքին օնլայն հետևողների թիվը երբեմն մի քանի անգամ ավելի մեծ է, քան հրապարակում հավաքված մարդկանց թվաքանակը: Սա միտինգին ֆիզիկապես ներկա լինելու սիմուլյացիա է:

Իհարկե, վիրտուալ իրականությունը նաև դրական բազմաթիվ էֆեկտներ ունի՝ ինֆորմացիան դարձել է հասանելի և արագ փոխանցելի, և այլն: Բայց պետք է հիշել, որ մեր կյանքը գնալով ավելի ու ավելի վիրտուալ է դառնում, իսկ դա անխուսափելիորեն ենթադրում է կյանքում սիմուլյացիաների ավելացում՝ ընկերության սիմուլյացիա, պայքարի սիմուլյացիա, զարգացման սիմուլյացիա, հայրենասիրության սիմուլյացիա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել