Վերջին ամիսներին, այն բանից հետո, երբ նախ սկսեցին շշուկներ տարածվել, իսկ ապա նաև վստահ պնդումներ արվել այն մասին, որ շուտով իշխող ՀՀԿ-ն մի շարք գործադիր պաշտոններ է զիջելու Դաշնակցությանը, միանգամայն օրինաչափ մի հարց սկսեց մտահոգել հանրությանն ու մնացյալ քաղաքական ուժերին: Այդ հարցը մոտավորապես այսպես է հնչում՝ խորհրդարանում անհրաժեշտ մեծամասնությունն ունեցող ՀՀԿ-ի ինչին է պետք իր իշխանությունից բաժին հանել Դաշնակցությանը: Ճշմարիտ է, իհարկե, այն, որ այդ երկու կուսակցական կառույցների կողմից հռչակած գաղափարախոսական սկզբունքներն, ըստ էության, կարելի է համարել ազգայնականությանը հարող հավատամքի տարատեսակներ և այդ տեսանկյունից նրանք աշխարհայացքային բովանդակության առումով քույր կազմակերպություններ են: Բայց մեր օրերում անգամ այդ կարգի մերձ հարազատությունը ևս հիմք չէ սեփական իշխանությունից ու, հետևաբար, նաև եկամուտներից ինչ-որ մեկին բաժին հանելու համար: Երևի թե ճիշտ կլինի երկու գաղափարակից կուսակցությունների ներուժի համադրման այս գործընթացն, այնուամենայնիվ, դիտարկել նաև ավելի լայն՝ տարածաշրջանային-աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, քանի որ այդ դեպքում ինչ-որ բան հասկանալի է դառնում, ավելի ճիշտ՝ կանխատեսելի: Եթե Դաշնակցությունը դառնում է ՀՀ իշխանական համակարգի իր ազդեցությամբ թիվ երկրորդ ուժը, ապա դա նշանակում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունն անորոշ ու, հավանաբար, առնվազն այս իշխանության գոյության ժամանակահատվածի տևողության չափով, կհետաձգվի: Ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած սուր և խորացող ճգնաժամի պայմաններում հայկական իշխանությունների այսօրինակ կերպափոխումը լրացուցիչ երաշխիքներ է ստեղծում Ռուսաստանի շահերը Հայաստանում և տարածաշրջանում ապահովագրելու մասով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել