Գրեթե բոլոր քաղաքական ուժերը զբաղված են նոր հեռանկարների մասին մտածելով ու 2017-ի խորհրդարանում իրենց տեղի փնտրտուքներով: Առավել անհանգիստ են մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները, քանի, որ, ըստ ընդունված Սահմանադրության, ՀՀ-ում պառլամենտական ընտրություններից առաջ սկսելու է գործել բացառապես համամասնական ընտրական համակարգ, ինչն իր հերթին նշանակում է, որ պառլամենտում պատգամավորները պետք է լինեն միայն կուսակցություններում ընդգրկված անձինք: Դրան գումարվում է նաև ընտրատարածքների խոշորացման հանգամանքը, որն իր հերթին բարդացնելու է ոչ այնքան ակտիվ և գլխավորապես իրենց անունի և ֆինանսների հաշվին պատգամավոր դարձածների մուտքը խորհրդարան:

Մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից ոչ բոլորն են մտատանջված ու մտահոգված այդ խնդրով: Այդ առիթով Վրեժ Մարկոսյանը բավականին ադեկվատ տեսակետ է հնչեցրել: Նա նշել է, թե չի պատրաստվում 2017-ին մտնել ԱԺ՝ հավելելով՝ «թող ավելի լավ կադրեր գան խորհրդարան, քան մենք ենք»: Մարկոսյանն ընդգծել է, որ կաջակցի մեկ այլ՝ իր բնորոշմամբ արժանի թեկնածուի, ում ներկայությունն էլ ավելի կբարձրացնի պառլամենտի կարգավիճակը:
Մարկոսյանը հասկանում է, որ իր` խորհրդարան գնալն այդքան էլ արդյունավետ չի և, ի տարբերություն այլ մանդատապաշտ «ազգընտիրների», չի պատրաստվում մանդատակռվի մեջ մտնել: Սա բավականին ազնիվ քայլ է և պետք է օրինակ ծառայի ԱԺ-ում գտնվող կամ ուղղակի հայտնված այլ «աբորիգենների» համար: Ցավոք, մեր պառլամենտում այնպիսի պատգամավորների պակաս չկա, ովքեր ամեն կերպ փորձում են ցույց տալ, թե իբր ապրում են ժողովրդի հոգսով, սակայն նրանց հետ շփումից ժողովուրդը միայն հիասթափություն է ապրում:

Կան այնպիսի դեգեներատ պատգամավոներ, ովքեր ԱԺ են ժամանում զուտ «գալոչկայի» համար` ուղղակի ներկա գտնվելու և իրենց սուրբ պարտականությունը` կոճակ սեղմելը, ապահովելու համար: Իսկ որևիցե օրենսդրական նախաձեռնության կամ ելույթի մասին խոսելն անգամ ծիծաղելի է: Ասել է թե՝ իրականում խորհրդարանը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնն է, ոչ թե մի քանի հաստագլուխ ու քաղաքականության ու քաղաքական ուժի անունը վարկաբեկող անհատների համար ճաշարան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել