Համաշխարհային տնտեսական և քաղաքական բուռն զարգացումները զգալիորեն ազդեցին երկրների տնտեսությունների վրա: Ամփոփելով նախորդ ՀՀ տնտեսական տարին՝ պետք է արձանագրել արտահանման ծավալների զգալի անկում: Արտաքին բացասական գործոնների ազդեցության հետևանքով տուժում են գործարարներ: Նման իրավիճակում պետությունը պետք է աջակցի մասնավոր հատվածին:

Այդ նպատակով հունվարի 4-ին և 12-ին գործադիր մարմնում հրավիրվեց երկու լուրջ աշխատանքային խորհրդակցություն, որպեսզի հենց տարեսկզբին հրատապ մշակվի մի լուրջ համակարգ: Վարչապետի որոշմամբ ստեղծվեց Արտահանման խթանման և աջակցման խորհուրդ:
Այն գործարարները, ովքեր նոր պայմանագրերով արտահանման նոր ծավալներ ցույց կտան ու կհիմնավորեն, որ գոնե առաջին կիսամյակում կունենան արտահանման ծավալների աճ, խորհուրդը հրատապության կարգով 3 օրում կքննարկի ներկայացվող ծրագրերը, և եթե գտնի, որ նոր պայմանագրերով արտահանման թվերի աճն իրոք իրատեսական է, ապա երաշխիք կտա, որ գործարարը, երբ արտահանի տվյալ ապրանքատեսակը և ներկայացնի փաստաթղթերը, ապա արտահանած ապրանքի արժեքի 10%-ը ետ կստանա պետությունից՝ իբրև օգնություն կամ դրամաշնորհ:

Փաստացի, գործարարի ռիսկերի 10 տոկոսի պարտավորվածությունը պետությունը վերցնում է իր վրա: Այլ կերպ ասած՝ գործադիր մարմինը 10 տոկոսով մեծացնում է գործարարի մրցունակությունն արտաքին շուկայում: Աջակցության համար պահուստային ֆոնդից կհատկացվի 10 մլն դոլար:

Գնդակը գործարարների կիսադաշտում է: Նման իրավիճակը պետք է, որ վստահություն ներշնչի նրանց և դրականորեն անդրադառնա արտահանման ծավալների ցուցանիշների վրա: Պետությունն արեց իր քայլը, այժմ հերթը գործարարներինն է: Նրանք պետք է մշակեն և ներկայացնեն այնպիսի ծրագրեր, որոնք վստահություն կներշնչեն և ենթակա կլինեն աջակցման: Դրանից կշահի թե՛ գործարարը, թե՛ պետությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել