Քաղաքականությունը քաղաքականության չափերում պահպանեք

Երեկ տեղեկացա, որ ԼՏՊ-ն վիրահատվել է ու առողջական լուրջ խնդիրներ ունի: Առողջություն եմ մաղթում Լևոն Տեր-Պետրոսյանին: Նրա վարած քաղաքականությունը որքան ուզում եք քննադատեք, նրա քայլերը՝ նույնպես, նրան՝ նույնպես, բայց երբ հարցը հասնում է առողջությանը, մահվանը և առհասարակ այնպիսի բաներին, որոնք կարող են պատահել յուրաքանչյուրի հետ և յուրաքանչյուրի կյանքում անխուսափելի են, ինչպես մահը, փորձեք մնալ սահմաններում ու մի՛ անցեք այն նուրբ կետը, որը բաժանում է գռեհկությունը մարդկային կյանքից:

Արազ Օզբիլիսի՝ Բեշիկթաշ տեղափոխվելը տարբեր քննարկումների տեղիք է տալիս: Ոմանք պաշտպանում են, մի մասը նրան համարում է ազգի դավաճան: Հարց. ինչո՞ւ ազգի դավաճան չանվանեցիք Անթալիայում հանգստացող պատգամավորին, ինչո՞ւ ազգի դավաճան չեք համարում թուրքական հագուստ կրողներին և պոմիդոր ուտողներին: Թողենք հանգիստ Արազին ու զբաղվենք մեր ֆուտբոլային ներքին խնդիրներով, որոնց ծայրը չի երևում:

Շուշանիկ Բախշյանը նախ բերման ենթարկվեց, ապա ազատ արձակվեց: ՀՀ օրենսգրքում կա կետ, որով եթե դատարանը հիմնավորված է գտնում, որ մեղադրվողը փախուստի չի դիմի, նրան ազատ են արձակում: Քանի որ հանրային հետաքրքրությունը մեծ է, ճիշտ կլիներ հանրությանն էլ տեղյակ պահել՝ ինչ հիմքով եք հավատացել, որ փախուստի չի դիմի: Մի խոսքով, այս գործը պետք է նախադեպ դառնա բոլորի համար, ու Մերիի մահվան մեջ մեղավորները պետք է պատժվեն: Ծածկադմփոց անել չի ստացվի. ոչ ոք չի քնում ու ուշի-ուշով հետևում է: Հազար ասեցի՝ դիմակ կրեք, խոզի գրիպը բոլորին է կպչում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել