Past.am–ը գրում է.
Մոսկվայի 28-ամյա բնակչուհի Մարիան փախել է տնից, որպեսզի միանա իսլամիստ ահաբեկիչներին։ Նման հայտարարություն է արել երիտասարդ կնոջ հայրը՝ 51-ամյա Արթուր Մկրտումյանը։ Նա դիմել է ոստիկանություն։ Տղամարդն ասել է, որ դուստրը քաղաքացիական ամուսնու հետ Թուրքիա է մեկնել, ինչից հետո կապը նրա հետ ընդհատվել է, 2 ամիս է՝ աղջկանից որեւէ լուր չունեն։
LifeNews-ին հայտնի է դարձել, որ Մարիայի ընկերը ադրբեջանցի գործարար բիզնեսմեն Յուրի Իսմայիլովն է։ Զույգը հայտարարել է, թե Բաքու է գնում, այնինչ Թուրքիա են գնացել։ Գնալուց հետո ծնողներն աղջկանից ոչ մի լուր չունեն։ Արթուր Մկրտումյանը վստահ է, որ դուստրն ու նրա ընկերը հենց սկզբից էլ մտադրություն են ունեցել միանալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը եւ խաբել են իրեն, թե Ադրբեջան են գնում, որպեսզի հայրը չարգելի դստերը միանալ ահաբեկիչներին։
Մարիայի մայրը, սակայն, ով Արթուր Մկրտումյանից բաժանված է, վստահ է, որ դուստրը չի միացել ահաբեկիչներին, Ադրբեջանում է։ «Մաշան ադրբեջանցու հետ ամուսնացավ, իսլամ ընդունեց։ Նա մեկնելուց առաջ ինձ ասաց, որ կգնա, կտեղավորվի, նոր կզանգի։ Գուցե որոշ ժամանակ իրենից լուր չլինի»,- ասել է Նատալյա Սամոյլովան։ Իսկ այն, որ նախկին ամուսինը կասկածում է, թե դուստրն ահաբեկիչներին է միացել, կինը հասկանալ չի կարող։
«Ես նրան հարցնում եմ` ինչ ես ուզում, եթե աղջիկս իրոք ահաբեկիչներին է միացել, նրան կդատեն, դու դա՞ ես ուզում։ Նա էլ ինձ պատասխանում է, թե գոնե կիմանանք՝ աղջիկս ողջ է»,- ասում է կինը։ Արթուրն ու աղջկա հարեւանները պատմում են, որ իսլամ ընդունելուց հետո Մարիան շատ է փոխվել, ինքնամփոփ է դարձել, դադարել է աշխատել։ Իսկ թե օրերով ինչով է զբաղվել, հայտնի չէ։ Ոստիկաններն ընդունել են աղջկա հոր դիմումն ու այժմ աշխատում են այդ ուղղությամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել