1. Ակնկալել, որ իշխանությունը երբևէ չի դիմի կեղծիքի, գելի գլխին ավետարան կարդալ ա:
2. Ընտրությունների խնդիրն ուժային խնդիր է, և երբ էլ լուծվի՝ լուծվելու է ուժով, այսինքն՝ այն պահին, երբ կեղծելուն հակադիր ուժը հավասարազոր լինի կեղծելու իշխանական ուժին և ցանկությանը: Սա պարզ բան է, բայց պետք է համենայն դեպս արձանագրել:
3. Կեղծիքները վաղուց քաոտիկ ու տարերային չեն, այլ համակարգ են: Հակազդելու համար որևէ մեկը պետք է բացի գրված օրենքից լավ ծանոթ լինի նաև չգրված օրենքով կարգավովող համակարգին: Ընդհանրապես, համակարգի դեմ պետք է համակարգ աշխատի:
4. Փորձը ցույց է տալիս, որ այն տեղամասերում, ուր եղել են ուժեղ վստահված անձեր, հանձնաժողովականներ և այլն, կեղծիքները կամ իրենց նպատակին չեն հասել, կամ հասել են մասնակի: Համեմատեք իրար կպած տաբեր տեղամասերի տվյալները համոզվելու համար, որ նույն տեղանքում մի տեղ Այո-ն կարող է ստացած լինել, ասենք՝ 800, իսկ ուղիղ կողքը՝ 100 ձայն: Եթե ձայն պահողները լինեին երկու անգամ ավելի շատ, արդյունքն էլ կարող էր լինել համապատասխան: Իհարկե, պետք է նաև հաշվի առնել, որ սա էլ համադարման չէ, քանի որ իշխանությունն ուժեղացնելու է իր ճնշումը, եթե զգար, որ «անարյուն» արդյունք ապահովել չի ստացվում:
5. Առաջին խնդիրը պետք է լինի ձայն պահելը տեղամասերում: Բայց դա քիչ է: Պետք են հավելյալ գործոններ: Տեղական դիմադրությունը պետք է ղեկավարվի միասնական կենտրոնից՝ նախապես մշակված ռեալիստական ծրագրի հիման վրա: Մարդիկ, որոնք որևէ ընտրությունից առաջ հույս ունեն, որ այս անգամ «այլ կերպ կարող է լինել», չպետք է մոտիկ իսկ թողնվեն նման կենտրոնի:
6. Ուժերը չպետք է ցրվեն: Անիմաստ է առանց այդ էլ փոքր ռեսուրսից մարդ ուղարկել, ասենք, Սյունիք կամ նման մի տեղ: Դա եղանակ չի փոխի, եթե, իհարկե, չունես անսպասելի շատ փող ու նվիրված մարդ: Ուժերը պետք է կենտրոնանան մեծ քաղաքներում, իսկ հիմնական նպատակը պետք է լինի Երևանում հաջողություն ապահովելը:
7. Քանի դեռ մեր երկրում չկա պայմանական 1000 կամ 2000 մարդ, որը պատրաստ է անձամբ պայքարել տեղամասերում, իհարկե, պայմանով, որ կա պրոցեսի վստահելի, մտածված և մատչելի ղեկավարում-մարտավարություն, գելի գլխին ավետարան կարդալը շարունակվելու է:
Սրանք թռուցիկ և իրենց համառոտությամբ խոցելի մտորումներ են, բայց, կարծում եմ, ամեն անգամ նորովի տվայտվելու փոխարեն մի օր արժի սկսել մտածել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել