Օպերայի հրապարակում արդեն քանի օր է՝ անցկացվում են «Նոր Հայաստան» շարժման հանրահավաքները: Դրանք անարդյունավետ են և լինելու են այդպիսին այնքան ժամանակ, քանի դեռ հարթակից հնչող ելույթներում օգտագործվող բառերն ու մտքերը ծանոթ են բոլորին և չեն պարունակում որևէ նորություն հրապարակում հավաքված մարդկանց համար: Բոլոր ելույթ ունեցողները փաստում են բաներ, որոնք գիտեն բոլորը, որոնք մտածված և ապրված են սովորական մարդկանց կողմից մի քանի անգամ ու ավելի խորը, քան հարթակում գտնվողների կողմից: Դա հետաքրքիր չէ, գրավիչ չէ, հուզիչ չէ, համախմբող ուժ չունի:
Խոսքը, բառը, միտքը նաև հեռանկար է և այս դեպքում է գրավում մարդկանց և համախմբում նրանք հանուն ընդհանուր ապագայի: Հակառակ դեպքում լսողը ոչ մի նոր բան չի լսում, բառերն ավելի կարևոր են դառնում խոսողի, ոչ թե լսողի համար, ինչը երևում է նաև Օպերայի հրապարակում, որտեղ ելույթ ունեցողներն ասում են ամեն ինչ, բացի մի կարևոր բանից. ինչպե՞ս եք պատրաստվում անել այն ամենն, ինչ ասում եք: Եթե գիտեք՝ ինչպես, գնացե՛ք և արե՛ք, ոչ ոք ձեր ձեռքը չի բռնել, և ինչ-որ բան անելու համար շատ մարդկանց կարիքը չունեք: Իսկ եթե չգիտեք, թե ինչպես եք անելու, ապա ինչի՞ մասին եք խոսում:

Բառը հեռանկար է: Եթե ոչ, ապա ցանկություն է, պահանջ, խոստում, խաբեություն կամ մեկ այլ բան, բայց ոչ՝ հեռանկար: Իսկ մարդկանց այսօր ամենից ավելի պետք է Հայաստանում ապրելու հեռանկար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել