Վերջին մի քանի տարիների իրադարձություններն, անտարակույս, անախորժ էին Ռուսաստանի համար, և կարելի է խոսել այն մասին, որ այդ երկրի հանդեպ վարվող մեկուսացման քաղաքականությունը շարունակում է արդյունավետորեն իրականացվել: Ըստ էության, շատ կարճ մի ժամանակահատվածի ընթացքում Ռուսաստանը ստիպված եղավ պատերազմել Վրաստանի հետ, այս կամ այն կերպ զինված մասնակցություն ունեցավ ուկրաինական ճգնաժամի մի շարք առանձին դրվագների հանգուցալուծմանը, ապա ներքաշվեց Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի համատեքստում տեղի ունեցող ռազմական գործողությունների մեջ, իսկ այժմ էլ դարձավ Թուրքիայի հետ առաջացած սուր ռազմաքաղաքական ճգնաժամի մասնակից: Փաստորեն, ՌԴ-ի ուսերին ընկած պատերազմական գործողությունների բեռը գնալով ավելանում է, և հընթացս ավելանում է նաև նրա աշխարհաքաղաքական մեկուսացման մակարդակը. Մերձբալթյան երկրները, Լեհաստանը, Ուկրաինան և այժմ էլ Թուրքիան Ռուսաստանի շուրջը ստեղծել են թշնամաբար տրամադրված պետությունների պատվար: Առաջիկայում այս պատվարի ներդաշնակ մասը կարող են կազմել նաև Ադրբեջանն ու Վրաստանը, և պաշտոնական Մոսկվան պետք է իրապես շատ լուրջ ջանքեր գործադրի իր համար խիստ անցանկալի նման վտանգը չեզոքացնելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել