Դեռևս 2010 թվականին ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 2-ի որոշման փոփոխությամբ էականորեն պարզեցվել է դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի տրամադրման կարգը: Նման գովազդի թույլտվության համար գովազդատուն ներկայացնում է նվազագույն ծավալի տեղեկություն` առանց տրամադրելու գովազդի տեքստը և բովանդակությունը: Փաստորեն գովազդատուն, ստանալով գովազդի թույլտվությունը, տարածում է գովազդային տեքստեր, որոնք ճշգրիտ չեն, կարող են մոլորեցնել սպառողին և դրանով իսկ վնաս հասցնել մարդկանց կյանքին և առողջությանը:

Բացի այդ, գործող որոշմամբ կարգավորված չեն օտարերկրյա պետություններից հրավիրված մասնագետների վերաբերյալ գովազդի տարածմանը ներկայացվող պահանջները, մինչդեռ նրանց կիրառած բուժական մեթոդների գովազդի հարաբերությունները պետք է հստակ կանոնակարգված լինեն:

Եվ վերջապես, նկատի ունենալով, որ գործող որոշումն ընդունվել է մոտ 10 տարի առաջ և վերանայման, հստակեցման կարիք ունի, ՀՀ կառավարությունն իր նախորդ` նոյեմբերի 26-ի նիստում հաստատեց դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները:

Դրանց համաձայն գովազդի թույլտվության հայտի հետ պետք է ներկայացնել նաև գովազդի տեքստը կամ գովազդային հոլովակը: Որոշմամբ հստակեցվել են գովազդի թույլտվության հայտի, դրա քննարկման, բավարարման կամ մերժման դրույթները` դրանք համապատասխանեցնելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Բացի այդ, վերանայվել են հայտերի ձևերը, սահմանվել գովազդի տեքստի փոփոխման համար ներկայացված հայտի և գովազդի տեքստին համաձայնություն տալու ձևերը, շտկվել որոշ տարընկալում ունեցող ձևակերպումներ և այլն: Ակնկալվում է, որ որոշման իրականացմամբ կկանխարգելվի դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների անբարեխիղճ գովազդը, կբարելավվեն սպառողների իրավունքների պաշտպանության մեխանիզմները:

Միաժամանակ հարկ է նշել, որ որոշմամբ սահմանված հիմքերի դեպքում գովազդի թույլտվության մերժումը կոնկրետ ապրանքի օգտագործումն արգելելու հիմք չէ: Օրինակ, եթե անձի ներկայացրած բուժտեխնիկայի գովազդման հայտը մերժվել է, դա չի նշանակում, որ տվյալ ապրանքի օգտագործումը պետք է արգելվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել