Փարիզյան ահաբեկչությունները տեղի ունեցան ԵՄ տարածք հարյուր հազարավոր փախստականների զանգվածային և համարյա միաժամանակյա ներխուժման կապակցությամբ առաջացած համընդգրկուն քաղաքական ու գաղափարախոսական ճգնաժամի պայմաններում: Այդ զանգվածային ներգաղթը կանգնեցնելու պահանջի արդարացումներից մեկն այն էր, որ փախստականների խայտաբղետ ամբոխի մեջ կարող են ԵՄ տարածք ներթափանցել նաև ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական խմբավորումների բազմաթիվ անդամներ, ինչը լուրջ վտանգ է ներկայացնելու այդ ոչ-ցանկալի եկվորների հոսքերն ընդունող երկրների համար: Նոյեմբերի տասներեքին Փարիզում տեղի ունեցած ողբերգական դեպքերը, սակայն, ցույց տվեցին, որ ահաբեկչական գործողության կազմակերպիչները հիմնականում ոչ թե նոր ներգաղթածներն էին, այլ արդեն իսկ առնվազն Ֆրանսիայի և Բելգիայի քաղաքացիություն ունեցող տեղի իսլամադավան համայնքների ներկայացուցիչները: Այս հանգամանքը պարտադրում է նորովի դիտարկել քաղաքակրթական ու սոցիալ-տնտեսական տարբերություններից սնվող այն թշնամանքի էությունը, որը պատճառն և արդարացումն է դարձել բազմաթիվ անմեղ մարդկանց կյանք խլելու գնով վրիժառության ու ինքնահաստատվելու համար: Սակայն, այդուհանդերձ, չխորանալով քաղաքակրթական տարբերություններով քողարկվող ու արդարացվող անհավասարության մերժման այս դրսևորումների վերլուծության մեջ՝ կարելի է այս պահին մեկ կարևոր բան արձանագրել. ահաբեկչությունն իրականացրած եվրոպական քաղաքացիություն ունեցող հնաբնակ իսլամիստներն իրենց վայրագություններով զայրույթի և հավանական վրեժի գործողությունների են մղում բնիկ եվրոպացիներին հենց ընդդեմ նոր ներգաղթյալների: Նրանց ճամբարներն ու ժամանակավոր ապաստարաններն արդեն իսկ համարյա ամեն օր դառնում են հրո ճարակ: Այսպիսով ԵՄ երկրների իշխանությունները ստիպված են լինելու ոչ միայն մտածել այն մասին, թե ինչպես են կանխելու նոր փախստականների ներթափանցումը, իսկ արդեն ներթափանցածներին՝ ետ ուղարկելու, այլև պետք է լուրջ խորհեն իրենց այլադավան քաղաքացիների հետ հարաբերվելու նոր կանոններ մշակելու խնդրի շուրջ: Երևի թե այս հսկայածավալ գործընթացը նախաձեռնող ուժերը վստահ են, որ եվրոպացիների «ճիշտ» ընտրության կմղի հավանաբար դեռ կենդանի մնացած ինքնապահպանման բնազդը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել