ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանում է ԲՀԿ-ի հասցեին այս օրերին հնչած կարծիքները:

Մամուլում վերլուծություններ են հնչում, որ ԲՀԿ քաղաքական թեւը շոկի մեջ է Գագիկ Ծառուկյանի որոշումից, անգամ տեսակետներ կան, որ հնարավոր է, օրինակ, Վարդան Օսկանյանը մանդատը վայր դնի եւ դուրս գա կուսակցությունից։

Պատասխանեմ կարճ՝ Գագիկ Ծառուկյանը կայացրել է որոշում՝ չառաջադրել իր թեկնածությունը այս նախագահական ընտրություններում, եւ մենք հարգում ենք Ծառուկյանի այդ որոշումը։ Կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարության մեջ ամեն ինչ ասված է, եւ դրան ավելացնելու ոչինչ ես չունեմ։ Որեւէ մեկը շոկի մեջ չէ, որեւէ մեկը մանդատը վայր չի դնելու, որեւէ մեկը կուսակցությունը չի լքելու։ Պետք չէ իրականության հետ որեւէ աղերս չունեցող լեգենդներ հորինել, դրանք ընդունել որպես իրականություն եւ սկսել այդ լեգենդների վրա տարբեր վերլուծություններ կառուցել։

-Բայց Դուք ԲՀԿ այն անդամներից էիք, որ հայտարարում էիք, թե ԲՀԿ-ն ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով եւ այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը։

-Այո՛, ես ներկայացրել եմ իմ անձնական տեսակետը, որ ԲՀԿ-ն պետք է մասնակցի սեփական թեկնածուով եւ ինձ համար այդ թեկնածուն, այո՛, բացառապես Գագիկ Ծառուկյանն էր։ Բայց, կրկնում եմ, ես հարգում եմ մեր կուսակցության առաջնորդի որոշումը՝ համարելով այն արժանապատիվ որոշում։

-Տեսակետ կա նաեւ, որ այս որոշմամբ կուսակցության եւ անձամբ Ծառուկյանի վարկանիշը անկում ապրեց։ Համենայն դեպս, տարբեր քաղաքական վերլուծաբաններ այդ կարծիքին են։

-Նախ, ես կուզենայի որեւէ մեկը մատնացույց աներ որեւէ մի հայտարարություն, որտեղ Ծառուկյանն ասած լինի, թե ինքը անպայմանորեն առաջադրվելու է։ Չկա եւ չի եղել նման բան։ Եղել են մեր կուսակցության տարբեր անդամների, այդ թվում նաեւ իմ կարծիքները, բայց, կրկնում եմ, մենք հարգում ենք Գագիկ Ծառուկյանի անհատական որոշումը, որը նա կայացրել է, վստահեցնում եմ ձեզ, բավականին լուրջ վերլուծությունների արդյունքում։

Ինչ վերաբերում է այս օրերին մամուլի կոնկրետ միջոցների անպարկեշտ հրապարակումներին, ես հասկանում եմ, որ տարբեր կալիբրի «գործիքներ» ծրագրել էին պղտոր ջրում ձուկ որսալ, եւ հիմա իրենց ենթակա մամուլի միջոցով աղբ ու գարշահոտություն են տարածում, սակայն զուր գարշանետումներ են՝ իրենց ուզածին չեն հասնելու։

-Այդուհանդերձ, չե՞ք ընդունում, որ հասարակության մի ստվար հատված սպասում էր Ծառուկյանի առաջադրվելուն եւ հիմա հուսախաբ է եղել։

-Մենք հանրության առջեւ միշտ ազնիվ եւ անկեղծ ենք եղել։ Մի՛ մտահոգվեք, ժողովուրդն ամեն ինչ շատ ճիշտ հասկանում եւ գնահատում է, եւ վստահ եմ՝ Ծառուկյանի այս քայլը եւս ճիշտ կհասկանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել