Իրավական տեսանկյունից տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության արգելքի հետ կապված միջոցառումների իրագործման ժամանակ մի շարք հարցեր են ծագելու։

ՀՀ ՎԻՎՕ 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ... տրանսպորտային միջոցները վարելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ապակիների, ԱՐՏԱՔԻՆ ԹԱՂԱՆԹԱՊԱՏՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՊԱԿԻՆԵՐԻ լուսաթափանցելիության թույլատրելի չափերը, ինչպես նաև սույն հոդվածի չորրորդ մասի պահանջից բացառությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ՀՀ կառավարության 24.02.2005թ. թիվ 289-Ն որոշմամբ հաստատված «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգի» 16-րդ կետի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր (ի դեպ, այս կանոնակարգն ընդունվել է ի կատարումն 1999թ. «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի, որն ուժը կորցրել է 24.03.2012 թվականին՝ համանուն նոր օրենքի ընդունմամբ)։

Նույն կանոնակարգի 48-րդ կետի համաձայն՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ապակիների համապատասխանության պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-3, 5-7 գլուխներն ուժը կորցրած են ճանաչվել, և այս պահին գործում է միայն 4-րդ գլուխը, որը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի, ծառայությունների համապատասխանության պետական վերահսկողություն իրականացնող է համարում ազգային մարմնին և ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ պետական կառավարման լիազոր մարմնին։

Վերոհիշյալ նորմերի վերլուծությունից առնվազն հետևյալ հարցերն են ծագում.
1. Ո՞ր իրավական ակտում են սահմանված ԱՐՏԱՔԻՆ ԹԱՂԱՆԹԱՊԱՏՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՊԱԿԻՆԵՐԻ լուսաթափանցելիության չափերը, քանի որ ՀՀ ՎԻՎՕ 123-րդ հոդվածի 5-րդ մասում խոսվում է երկու տեսակի՝ ապակիների և արտաքին թաղանթապատում ունեցող ապակիների մասին։ ՀՀ կառավարության 24.02.2005թ. թիվ 289-Ն որոշմամբ սահմանվել է միայն ապակիների լուսաթափանցելիության «չափերը»։ 
2. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ո՞ր մարմինը պետք է իրականացնի վերահսկողությունը և ինչպե՞ս։

Հիշեցում։ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել