Հայաստանի տնտեսությունը, ի հեճուկս որոշ տնտեսագետների ու վերլուծաբանների մռայլ կանխատեսումների, հերթական առաջընթացն է արձանագրել բիզնեսի կանոնակարգիչ դաշտի որակի և արդյունավետության գնահատման ոլորտում:

Համաշխարհային բանկի «Doing Business 2016» զեկույցի համաձայն՝ Հայաստանն իր նախկինում ունեցած ամենաբարձր ցուցանիշներից առաջացել է 2 միավորով: ՀԲ փորձագետները բարելավումներ են նկատել հատկապես 3 ուղղություններով.

ա) Բարեփոխումներ սահմանային առևտրի ուղղությամբ. Հայաստանը կրճատել է առևտրի փաստաթղթային ու սահմանային ընթացակարգերի ժամանակն ու ծախսը՝ ներկրման համար պահանջվող 50 ժամը հասցնելով 3 ժամի: Այս ցուցանիշը ձեռք է բերվել ԵՏՄ անդամակցության արդյունքում:

բ) Պայմանագրերի կիրարկման բարեփոխումներ. գործող դատավորների նշանակումը կատարվում է պատահականության սկզբունքով և ավտոմատացված համակարգի միջոցով, ինչի շնորհիվ պայմանագրերի կիրարկման հարցը դատարաններում հեշտացվել է:

գ) Բիզնես գրանցելու առումով մեր երկիրն աշխարհի 189 տնտեսությունների շարքում գտնվում է 5-րդ տեղում, իսկ սեփականության գրանցման առումով՝ 14-րդ տեղում: Եթե աշխարհում սեփականության գրանցումը միջին հաշվով կատարվում է 48 օրում, ապա Հայաստանում դրա համար բավարար է ընդամենը 7 օրը: Համաշխարհային բանկի կարծիքով՝ Հայաստանը զգալիորեն դյուրինացրել է նաև շինարարության թույլտվության ընթացակարգը: Վերոհիշյալ բարեփոխումների ազդեցությունը, բնականաբար, մեր բոլոր քաղաքացիները դեռևս չեն զգացել: Բայց նրանք, ովքեր բիզնես են սկսել կամ սեփականություն են գրանցել, հաստատ զգացել են, թե որքան արագ են կատարվում անհրաժեշտ գործողությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել