Էլեկտրոնային լրատվականներից մեկը վերահրատարակել է Լևոն Տեր-Պետրոսյանի 2007թ. հոկտեմբերի 26-ի ելույթից մի հատված: Ի թիվս բազմաթիվ այլ մեսիջների՝ առաջին նախագահն անդրադառնում է 1999թ.-ի հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված արտաքին վտանգներին: Տեր-Պետրոսյանը մասնավորապես հայտնել էր.

«Ես անմիջապես հրապարակեցի մի հայտարարություն՝ կոչ անելով համախմբվել նախագահի շուրջ և միասնաբար հաղթահարել ծագած ճգնաժամը»։ Տեր-Պետրոսյանը նաև ասել էր.

«Գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմում հայկական կողմի ձեռքբերած հաջողությունները մեծապես պայմանավորված էին իշխանության՝ Մութալիբովից Էլչիբեյին և Էլչիբեյից Ալիևին անցման շրջանների քաոսային ու գրեթե անիշխանական իրավիճակներով»։

Զարմանալի է, որ ՀՀ առաջին նախագահի կարծիքով Արցախյան պատերազմում մեր ձեռքբերած հաջողությունները մեծապես պայմանավորված են եղել Ադրբեջանի ներքին խնդիրներով: Այո՛, թշնամի երկրում առաջացած ներքին խժդժություններն, իհարկե, իրենց դրական ազդեցությունն ունեցել են հաղթանակի հարցում, բայց դրանք որակել որպես կարևորագույն գործոն մի փոքր անհասկանալի է:

Մի՞թե Տեր-Պետրոսյանը մոռացել է, որ պատերազմում մեր գլխավոր առավելությունը ոչնչի առաջ չընկրկող զինվորն է եղել` հասարակ հայ մարդը, ով սեփական արյան գնով ժամանակակիցներիս խաղաղություն է պարգևել:

Եթե նման հայտարարություններով հանդես գար մի շարքային վերլուծաբան, կարելի կլիներ ուշադրություն չդարձնել, բայց ո՛չ, պարոնայք, այս մասին հայտարարում է ՀՀ առաջին նախագահը, ով ղեկավարել է պատերազմի տարիներին:

Կարծում եմ` խորը վերլուծությունների առիթ է տալիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել