ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը տարածել է մի հայտարարություն, որով առաջարկում է ընտրական օրենսգրքում փոփոխությունների միջոցով բարձրացնել կանանց ներգրավվածությունն օրենսդիր մարմնում:

Մասնավորապես, պատգամավորի առաջարկով, եթե այս կամ այն պատճառով կին պատգամավորը ներկայացուցիչը վայր է դնում իր մանդատը, ապա իրեն փոխարինող պատգամավորը պետք է լինի կին:

Կարծում եմ՝ այս նախագիծը և՛ ժամանակավրեպ է, և՛ ոչինչ չասող: Չեմ կարող հստակ ասել՝ քաղաքական գործունեության պարապուրդից ելնելո՞վ է ցանկանում շրջանառության մեջ դնել նման նախագիծ, պարզապես տեսակով կնամեծա՞ր է պատգամավոր Մարուքյանը, թե՞ նոր քաղաքական միավորի օրակարգ լցնելու խնդիր է լուծում, սակայն կանանց ներգրավածության օրհասական լինելը խիստ սուբյեկտիվ պնդում է:

Դեռ պետք է հասկանալ՝ արդյո՞ք պետք է արհեստականորեն մեծացնել կանանց ներկայությունը քաղաքականության մեջ:
Եթե հետևենք Ազգային ժողովում կանանց գործունեությանը, ապա հստակ կարող ենք ֆիքսել՝ այնպես չէ, որ ցանկություն կա ԱԺ-ում կամ այլ կառավարման օղակում կանանց ներկայությունն ավելացնել ղեկավար պաշտոններում:

Մասնավորապես, եթե ուշադիր լինենք, կտեսնենք՝ այնպես չէ, որ այսօր կին պատգամավորներն ավելի շատ են աչքի ընկնում յուրօրինակ օրենսդրական նախաձեռնություններով, քան տղամարդիկ: Բացի դա, կարծում եմ, որ այսօրվա ԱԺ մակարդակի և որակի բարելավման լավագույն լուծումը կանանց ներգրավվածությունը չէ: 
Հետևաբար այդքան էլ միանշանակ չէ առաջարկը:
Այսօրվա քաղաքական դաշտի օրակարգը խիստ հագեցած է, և կարծում եմ՝ նման նախաձեռնության անհրաժեշտություն այս պահին չկար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել