Մի տեսանյութ է շրջում ֆեյսում տարածելու կոչով: Տեսանյութը ցուցադրում է, թե ինչպես են հայկական բանակի զինվորները մարտական առաջադրանքի կատարման շրջանակներում «լիկվիդացնում» ադրբեջանական բանակի երկու զինվորների: Ու պարզ չի, թե դրա տարածումն ինչ նպատակ է հետապնդում: Բարձրացնել հայկական բանակի մարտունակությո՞ւնը: Բայց բանակի մարտունակությունը մարզումների, զորավարժությունների, զինվորների հոգեբանական պատրաստվածության, զինատեսակների արդիականացման և դրանց կիրառման հմտությունների բարձրացման արդյունքում է տեղի ունենում: Խուճապ և վախ սերմանել թշնամու բանակո՞ւմ: Բայց այդ տեսանյութը հաստատ այդ խնդիրը չի կարող լուծել, սակայն կարող է բարձրացնել իրենց զինվորների զգոնությունը և իրենց գործողություններն ավելի կատարելագործված դարձնել: Բարձրացնել հայ հանրության ռազմահայրենասիրական տրամադրությունները, բայց դրա համար բազմաթիվ այլ «անվնաս» գործիքներ կան այդ թվում մշակութային: Միակ խնդիրը, որ այդ տեսանյութը կարող է լուծել, դա այն տարածող կայքերի ռեյտինգի մեծացնումն է: Իսկ սպանության տեսարանի վրա հանրությանը «ղժժալու» հրավիրելը, ինչքան էլ որ այն տեղի ունենա պատերազմական պայմաններում, ուր սպանելը մի քիչ այլ իմաստ ունի, հանրությանը դեգրադացնելու ձևերից մեկն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել