«Դեյլի Նյուզ»-ը հայտնում է, որ ըստ AFP կայքի՝ Ճապոնիայի գիտնականները ստեղծել են միկրոսկոպիկ չափերի հասնող բարակ թաղանթ, որով կարելի է պատել ամեն ատամը առանձին՝ կանխարգելելով կարիեսի առաջացումը և տալով ատամին սպիտակ գույն:
Այն ստեղծվել է մաշվածության հանդեպ կայուն և չափազանց էլաստիկ նյութից, որի հիմքում ընկած է կալցիումի հիդրօքսիապատիտը (բնական ատամի էմալի հիմք հանդիսացող հանքանյութ):
Շիգեկա Հոնթսուն՝ Կոնկի համալսարանի կենսաբանական գիտությունների ֆակուլտետից, ասել է, որ «տվյալ նյութով ատամը պատելիս մենք ոչ միայն կանխում ենք կարիեսի առաջացումը, այլ նաև վերացնում հիպերէսթեզիան (ատամների գերզգայունություն): Սա աշխարհում միակ էլաստիկ ապատիտե թաղանթն է, որը, ինչպես հույս ունենք, կկիրառվի ոչ միայն ատամների էմալը պաշտպանելու, այլև վերականգնելու համար: Ստոմատոլոգները չէին էլ կարող երազել ապատիտ պարունակող թաղանթի մասին, իսկ մենք ստեղծել ենք արհեստական էմալ»:
Թաղանթի հաստությունը կազմում է 0,004 մմ: Այն ստեղծել են վակումի պայմաններում, լազերային ճառագայթը ուղղելով հիդրօքսիապատիտի բյուրեղի վրա՝ այն  առանձնացնելով առանձին մասնիկների, որոնք էլ, ընկնելով աղի տաքացրած բյուրեղների վրա, հավաքվել են ֆիլտրող թղթի միջոցով և չորացվել: Այսպիսով ստացվել է թաղանթ, որը կարելի էր վերցնել պինցետով:
«Այն պահին, երբ դուք թաղանթը անցկացնում եք ատամի վրա, այն անտեսանելի է և երևում է միայն լույսի տակ»,-բացատրեց պրոֆեսոր Հոնթսուն: Թաղանթի վրա կան ծակոտիներ, որոնց միջոցով հեղուկն ու օդը կարող են դուրս գալ, որպեսզի թաղանթի վրա չգոյանան փուչիկներ: Միակ «խնդիրը» այն է, որ պրոցեսը զբաղեցնում է մի ամբողջ օր:
Այժմ այս թաղանթը շատ թանկարժեք է և նախատեսված է հետագայում կոսմետիկ ստոմատոլոգիայում կիրառելու համար (նրան տարբեր գույներ հաղորդելով):
Առայժմ այն միայն փորձարկվել է հեռացված ատամների վրա, բայց գիտնականները շուտով սկսելու են կիրառել այն նաև կենդանիների և ի վերջո հենց իրենց՝ ստեղծողների ատամների վրա: Սա կկազմի ամենաքիչը 5 տարի, իսկ էսթետիկ ստոմատոլոգիայում այս նորամուծությունը հնարավոր կլինի տեսնել արդեն 3 տարուց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել