Նախօրեին օրենսդիրը քվեարկության դրեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշումը: Այն ընդունվեց 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակությամբ: Ձայների նման դասավորություն կանխատեսվում էր, սակայն հետաքրքիր էին դեմքերը հատկապես ԲՀԿ խմբակցությունում: 
Բանն այն է, որ պետության գլխավոր փաստաթղթի քվեարկության օրը «բացակայում էին» Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը և Ստեփան Մարգարյանը (նրանք համարվում են այսպես կոչված Ռոբերտ Քոչարյանի «թիմ»), իսկ ահա Տիգրան Ուրիխանյանը փաստաթղթին դեմ քվեարկեց: ԲՀԿ մեկ այլ պատգամավոր Հայկ Խաչատրյանն ԱՄՆ-ում էր՝ չնայած նախկինում պնդում էր, որ «դեմ» է քվեարկելու:

Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշման քվեարկության ավարտից անմիջապես հետո Է. Վարդանյանը, Ս. Մարգարյանը սոցիալական ցանցերի միջոցով հանդես էին եկել հայտարարությամբ, թե Սահմանադրական բարեփոխումների մասով իրենց դիրքորոշումը չի փոխվել` իրենք դեմ են նախագծին:
ԲՀԿ խմբակցությունում նույնպես բավականին կոշտ կարծիքներ են հնչել կատարվածի վերաբերյալ՝ նշելով, թե որպես պատգամավորի առաքելություն կոռեկտ չէ, երբ հայտարարություն ես ունենում, բայց չես մասնակցում քվեարկությանը, սակայն տեսակետները հանրությանը ներկայացնում ես սոցցանցերի գրառումներով:

Առաջին հայացքից չկա ոչ մի տարօրինակ բան և նորմալ է, երբ մարդիկ քվեարկում են կողմ, դեմ կամ ձեռնպահ, բայց պետք է առաջին հերթին հասկանալ, որ սա քաղաքականություն է և տեղի է ունենում քաղաքական գործընթաց, ըստ այդմ՝ յուրաքանչյուր ոք, ըստ իր քաղաքական հայացքների ու կողմնորոշման, պետք է գործունեություն ծավալի համապատասխան դաշտում:
Տեղի ունեցածից պարզ է դառնում, որ նշված անձիք իրենց քաղաքական հայացքներով չեն «տեղավորվում» ԲՀԿ-ի քաղաքական կուրսի մեջ, և առավել տրամաբանված կլինի լքեն խմբակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել