Գրեթե բոլորս լսել ենք «Հիպոկրատի երդում» արտահայտությունը, մեզնից ոմանք նաև տվել են այդ երդումը, բայց քչերին է հայտնի, թե իրականում ինչ են պարտավորվում անել նրանք:

Հիպոկրատի երդումը բարոյական սկզբունքների ամբողջություն է, որով երդվում են բոլոր բժիշկները` բժշկական գործունեությունը սկսելուց առաջ: Երդման տեքստի հեղինակը հույն բժիշկ, բժշկագիտության հայր Հիպոկրատն է:

Երդման տեքստը. «Երդվում եմ բժշկության աստված Ապոլլոնի, առողջության հովանավոր Ասկլեպիասի և այլ աստվածների ու դիցուհիների անունով` նրանց վկայակոչելով, որ ես կկատարեմ այս երդումը և գրավոր պարտականությունը, որքան ներեն ուժերս ու թելադրի խիղճս: Բժշկության արվեստ ինձ սովորեցնող ուսուցչիս երդվում եմ պաշտել ծնողներիս հավասար, նրա հետ կիսել իմ ողջ կարողությունը ու հոգալ նրա կարիքները, նրա որդիներին համարել իմ եղբայրները, և եթե նրանք կամենան, սովորեցնել բժշկական արվեստն անվարձահատույց և առանց գրավոր պայմանագրի: Իմ բոլոր գիտելիքները, դասախոսությունները և այլ դասավանդման եղանակները երդվում եմ հաղորդել իմ որդիներին, իմ ուսուցչի որդիներին  ու բոլոր աշակերտներին, ովքեր կապված են երդմամբ, ու նրանցից բացի ոչ ոքի: Երդվում եմ օգնել հիվանդներին խղճիս համաձայն, որքան ներեն ուժերս` խուսափելով նրանց որևէ վնաս կամ չարիք պատճառելուց: Երդվում եմ երբեք ոչ ոքի չտալ մահաբեր թույն կամ աջակցել այդ գործում, ով էլ որ խնդրի այդ մասին: Երդվում եմ նույնպես երբեք չտալ կանանց վիժեցնող դեղամիջոց: Երդվում եմ լինել բարոյապես մաքուր ու բարեպաշտ առօրյա կյանքում և արվեստիս մեջ: Երդվում եմ երբեք հանձն չառնել կատարել վիրահատություն, նույնիսկ քարահատում` այն թողնելով այդ գործով զբաղվող արհեստավորներին: Ինչ տուն էլ, որ ես մտնեմ, երդվում եմ այդ անել միայն հիվանդի բարօրության համար՝ զերծ մնալով որևէ անարդար գործից, սեռական կապերիս կանանց կամ տղամարդկանց հետ, միևնույն է, լինեն նրանք ազատ, թե ստրուկ, և այլ արատներից: Ինչ էլ որ ես տեսնեմ կամ լսեմ իմ բժշկական գործունեության ընթացքում կամ նրանից դուրս՝ մասնավոր կյանքում, որ չպետք է հրապարակ հանվի, երդվում եմ լոության մատնել ու այն համարել սրբազան գաղտնիք: Եթե այս երդումը ես բարեխղճորեմ կատարեմ ու այն երբեք չդրժեմ, թող ինձ բաժին ընկնի երջանկություն կյանքում, հաջողություն արվեստիս մեջ և մարդկանց հարգանքը հավիտյանս հավիտենից: Իսկ եթե ես դրժեմ երդումս, թող ինձ բաժին ընկնի դրա հակառակը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել