«Ոտքի, Հայաստան» շարժումը օգոստոսի 11-ի տաք երեկոն նախընտրեց նորից անցկացնել Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնելով:
Քաղաքացիական նախաձեռնության անդամները Հանրապետության հրապարակում նաև իրականացնում էին ստորագրահավաք՝ պահանջելով ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների հրաժարականը, ինչպես նաև վանկարկում էին, որ պահանջում են նախագահի և գործադիրի հրաժարականը:

Շարժման նախաձեռնողներից Անդրիաս Ղուկասյանը հավաքի ժամանակ տեղեկացրել է, որ «Ոտքի, Հայաստան» շարժումն առաջիկա օրերին աշխատանքներ կիրականացնի ժողովրդի վստահության կառավարություն ձևավորելու ուղղությամբ: Ա. Ղուկասյանը նաև նշել է, որ նախաձեռնության հաջորդ հանրահավաքը տեղի կունենա տասը օրից: 
Հետաքրքրականն այն է, որ թե՛ շարքային քաղաքացիները, թե՛ շարժման մասնակիցները փայլուն հասկանում են, որ իրենց քայլերն ընդհանրապես կապ չունեն մոտ մեկ ամիս առաջ Բաղրամյանում կատարվող քաղաքացիական պայքարի հետ, ուղղակի իրենք իրենց ինքնախաբեության համար անընդհատ վանկարկում էին, որ իրենք Բաղրամյանի «իրավահաջորդներն» են և պայքարելու են մինչև վերջ:

Հարկ է փաստել, որ այսօր հասարակության համար ավելի ընդունելի և հասանելի են քաղաքացիական ակցիաներն ու գործընթացները, քան, ասենք, քաղաքական բարդ ու գաղջ պրոցեսները: Ասել է թե՝ Բաղրամյանի պայքարը տեղափոխելով Հանրապետության հրապարակ՝ միանգամից փոխեց իր ձևաչափը` քաղաքացիականից անցնելով քաղաքականի:
Ամփոփելով նշենք, որ իրականում «Ոտքի, Հայաստան» քաղաքացիական շարժումը զբաղված է բավականին անլուրջ գոծունեությամբ, ավելին՝ տպավորություն է, որ ուղղակի ժամանակ են սպանում` հերթական քաղաքական գործընթացի վերաբերյալ նոր իդեաներ զարգացնելու սպասումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել