Վլադիմիր Վիսոցկու արվեստի երկրպագուներից եմ։ Բյուրականում ծառայողական բնակարանումս հյուրասենյակի մի պատին փակցրել էի Վիսոցկու գունավոր նկարը` ողջ հասակով մեկ, կիթառը ձեռքին։ Իսկ գրասեղանիս վրա դրված էր նվագարկիչը` Վիսոցկու համարյա բոլոր երգերի ձայնապնակների հետ միասին։ 

Երբ եկել էի ԱՄՆ, ու դեռ հայտնի չէր` մնալո՞ւ եմ մշտական, թե՞ վերադառնալու եմ Հայաստան, Բյուրականի աստղադիտարանի տնօրինությունը բնակարանս դատարկել էր, ու այդպես էլ չիմացա, թե ինչ եղավ Վիսոցկու այդ իմ սիրելի պլակատը և նրա երգերի ձայնասկավառակները։ Մարդիկ շտապել էին ու ինձ դուրս էին գցել իմ եղած-չեղածով։ Երևի իմ գոյությամբ շատ էի խանգարում ճահճի ճահճային հանգիստը։ Հիմա նրանք անում են այն, ինչ ես նախաձեռնել էի քսան տարի առաջ։ Միակ աշխատող սարքերը նրանք են, որոնք ես ստեղծել ու կարգաբերել էի քսան տարի առաջ։ Ոչ մի նոր բան չեն ավելացրել։ 

Իհարկե ցավում եմ, որ այդպիսին է վիճակը, սակայն այն մոլուցքը, որով Հայաստանում դուրս են մղում քիչ թե շատ նախաձեռնող մարդկանց, ինձ համար ընդունելի ու հասկանալի չէ։ Ես այդ բոլորը զգացել եմ իմ սեփական փորձով, սեփական մաշկիս վրա։

Չեմ փնթփնթում, ուղղակի ցավում եմ, որ Հայաստանում նախաձեռնող ու գաղափար, միտք առաջադրող մարդուց այդպես զզվում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել