ԱՌԱՍՊԵԼԻ ԵՐԿՆԱԿԱՄԱՐ
ԱՆԱՀԻՏ ՏԱՐՈՆՑԻ
20 հունիս 2015թ.  Վայոց Ձոր
 
Քո կարոտը կիջնի հայոց Մասիսներից, 
Կփշրվի քո իղձերի լազուրներում,
Ու կհառնի որպես բոցե արքա երկրիս, 
Կհաստատվի մի նոր Վահագն ու Արամազդ...
 
Անահիտ Տարոնցի
 
«Աստվածադուռ հայոց արիական դիցարանի» հեղինակ, բազմաշնորհ բանաստեղծ, արվեստաբան Արա Նախշքարյանը կերտել է վիպասքների հուշարձան, ուր իր  գունեղ գրչով վրձնել է հայոց առասպելական ժամանակների դյուցազուններին՝ իրենց գերբնական ուժով, արիներին հատուկ նկարագրով: Սա պատմություն  չէ, քնարական վիպասք է, ուր հնչում է սիրո չքնաղ մեղեդի, բնության կախարդանք, հայրեններից թափվող արցունք, գետերից հոսող մարգարտե կոհակներ, որտեղից ջրդեղվել են գրքի հերոսները և մենամարտել ոչ պակաս հզոր տերությունների դեմ` հայրենի երկրի անկախության համար մղվող պայքարում: 
Երիտասարդ պատմաբանը գրքում աստվածացրել է սուրբ հայրենին, փարվում է նրա մեհյաններին, տաճարներին ու բերդերին, որոնց վրա թագավորել են ամենակարող աստվածները` Հայկ, Արամազդ, Անահիտ, Աստղիկ, Նանե, Վանատուր, Արեգ, Արա Գեղեցիկ, Արալեզներ, Տորք Անգեղ, Ծովինար և ուրիշներ: 
Հեղինակի հոգուց բխած սիմֆոնիայի հնչյունների տակ անցնում են հայոց տոմարի ամսանունները, ավելյաց ամսվա օրանունները, հին հայկական ցերեկվա ու գիշերվա ժամանունները, որոնք հազարավոր մայրամուտների բոցե արևների միջով դարձել են ասք ու փշրվել Արայի ափերի մեջ, դարձել երփներանգ վրձնի թանկագին կտավ:
Հետաքրքիր է, որ Խորենացուց և բազմաթիվ հետազոտողներից հետո Նախշքարյանը կարողացել է ստեղծել համահավաք տեքստերի ամբողջություն, որ գիտամշակութային արժեք է ներկայացնում: Այն պահպանում է հայոց հին վիպական բանահյուսության լեզուն, ոճը, տաղաչափական հատկանիշները: Կարծում եմ ընթերցողի աչքից չի վրիպի այն, որ հեղինակը ուշագրավ հատվածներ է տեղադրել գրքում` օգտվելով առասպելի աղբյուրագիտական այլալեզու բանահավաքներից` Մար Աբաս, Բերոսոսյան Սիբիլիան, Ոլիմպիոդորոս. ըստ վերջինի ասքերը մեզ հասել են հույն գեղջուկների երգերից «...ի գեղջկաց զրուցեն մինչև ցայժմ»:
Գրքի փառահեղ էջերի սկզբի ոսկե բանալին հեղինակի խոստովանությունն ու խոնարհումն է, ով փորձում է հաջորդ սերունդներին պատառիկներ  հասցնել մեր հնամյա, դիցական անցյալ ունեցող ժողովրդի և սուրբ հողի վեհաշուք պատմությունից: Շիրազի խոհերն են արծաթում էջերն Ավախորիկից մինչ  թագադրումը Սիփանա սարերի:
Արևորդի Վահագն է տիրակալը դիցարարանի, հեղինակի եկրպագած հրեղեն հերոսը, ըստ Խորենացու Տիգրանի երրորդ որդին է, ում առասպելական ծննդի երգը բանաստեղական մշակույթի բացառիկ նմուշ է.
 
Երկնէր երկին, երկնէր երկիր, 
Երկնէր եւ ծովն ծիրանի, 
Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ. 
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր, 
Ընդ եղեգան փող բոց ելաներ, 
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ. 
Նա հուր հէր ունէր, 
Բոց ունէր մօրուս, 
Եւ աչքունքն էին արեգակունք:
 
  ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ
 
Հաջորդը ասքերի դիցուհին է` Աստղիկը, ով դարձյալ հայկական չէ. ըստ Խորենացու, ջրհեղեղից հետո Քրոնոս-Զրվանի, Տիտանի և Հաբեթոսի /Սեմ, Քամ, Հաբեթի/ քույրն է, եղբայրների աշխարհաբաժանման հակամարտության միջև ծագած վեճի ժամանակ հաշտարարի դերում է, և հետնագույն դիցարանում հայոց Աստղիկն է:
Գրքում ոսկեհյուս ժանյակի լազուրներում սահում են հայոց առասպելների արիներն ու դիցուհիները, ովքեր իրենց գործողություններում ձուլվում են հայրենի հողին, ուժ առած` հառնում և գնում հավերժություն, մի լուսավոր այգաբաց թողնում մեր սրտերում:


Շարունակությունն՝ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել