Երեկվանից մինչ այդ հիմնականում սոցիալական ուղղվածություն և բովանդակություն ունեցող երևանյան բողոքի ցույցերի կուռ միասնությունը խաթարվեց. Բաղրամյան պողոտան չլքած ցուցարարներն, ըստ էության, սկսեցին ձևավորվել շարժման քաղաքական բևեռը: Կարելի է ասել, որ այնտեղ մնացել են իշխանությունների կողմից ներկայացված աուդիտի առաջարկը կտրականապես մերժող մարդիկ, մինչդեռ Թատերական հրապարակ տեղափոխված ցուցարարները համարում են, որ Սերժ Սարգսյանի առաջարկած գործողությունների ծրագիրն արդեն իսկ լուրջ շարժ է էլեկտրաէներգիայի սակագնի խնդիրը լուծելու ճանապարհին: Հատկանշական է, որ հենց վերջիններս են համարվում բողոքի ակցիաների կազմակերպիչները: Ուշագրավ է, որ ՀՀ կառավարող համակարգի տարբեր մակարդակներն ու ոլորտները ներկայացնող իշխանության ներկայացուցիչները միաբերան գովաբանում էին ակտիվիստ-երիտասարդների պահվածքը, և նրանց առավելությունն էին համարում առաջնորդի կամ առաջնորդների բացակայությունը, քաղաքական պահանջների բացակայությունն ու հակառուսական տրամադրություններ սերմանելու նպատակ չունենալը: Սոցիալական պահանջատիրություն քարոզող շարժման ներսում քաղաքական բևեռի սաղմնավորումը հնարավորություն ստեղծեց «լավ» ցուցարարներին զատել «վատ ու չարամիտ» խռովարարներից: Այժմ միանգամայն բնական կլինի, եթե իշխանության առաջարկն ընդունած ապաքաղաքական «լավ» երիտասարդներն արժանանան պատիվների, իսկ խռովարարները պատժվեն: Մի խոսքով՝ նոր կյանքի նախաշեմին ենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել