ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների և կինոփառատոների դափնեկիր Խորեն Աբրահամյանը խորհրդահայ թատրոնի և կինոյի ամենաճանաչված դերասաններից է: 
Խորեն Աբրահամյանը 1951թ-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը և աշխատանքի անցել Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում. 1979–84թթ-ին եղել է թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1988–95թթ-ին՝ գեղարվեստական ղեկավար, միաժամանակ Հայաստանի թատերական գործիչների միության վարչության նախագահ: 1985–88թթ-ին Գյումրիի պետական թատրոնի դերասան էր և գլխավոր ռեժիսորը, 1980–95թթ-ին դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Թատրոնում ստեղծած լավագույն դերերից են՝ Ռուստամ (Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»), Արմեն (Գուրգեն Բորյանի «Կամրջի վրա»), Արամ (Ալեքսանդր Արաքսմանյանի «60 տարի, երեք ժամ»), Արա (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զարզանդ Դարյանի «Հանրապետության նախագահը»), Կորիոլան (Վիլյամ Շեքսպիրի «Կորիոլան»), Ավետյան (Պերճ Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն»): 
Հայկական մի քանի լավագույն կինոնկարների հաջողությունները պայմանավորված են նաև Աբրահամյանի դերակատարումներով` Գևորգ («Սարոյան եղբայրներ», 1968թ.), Ռոստոմ («Տերը», 1968թ.), Պավլե («Մենք ենք, մեր սարերը», 1969թ.), Արմեն («Երևանյան օրերի խրոնիկա», 1972թ.), Մյասնիկյան («Երկունք», 1977թ.), Տեր-Ավետիս («Հուսո աստղ», 1978թ.), Սիսակյան («Ապրեցեք երկար», 1979թ.) և այլն: Նա նկարահանվել է նաև Մոսֆիլմի 3 կինոնկարում՝ «Առաջին էշելոնը», «Բարձունք», «Նրա կյանքի նպատակը»: 
Աբրահամյանի դերակատարումներին բնորոշ են դրամատիկական զըսպվածությունը, հոգեբանական խոր վերլուծությունը, խոսքի նուրբ հղկվածությունը: Նրա ստեղծագործական հաջողությունները պայմանավորված էին իր արվեստի ինքնատիպությամբ, նաև արտիստական խառնվածքին հատուկ համարձակությամբ և արդիականության խոր զգացողությամբ: Գ. Սունդուկյանի անվան թատրոնում բեմադրել է Ն. Զարյանի «Հացավան», Վ. Շեքսպիրի «Ջոն արքա», Գյումրիի թատրոնում՝ Արտաշես Քալանթարյանի «Թիկունք», Պ. Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Պաոլո Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (նաև եղել է Կորրադոյի դերակատարը) ստեղծագործությունները: Աբրահամյանը մասնակցել է նաև բազմաթիվ ռադիո- և հեռուստաբեմադրությունների (Մարսել Պանյոլի «Տոպազ», Ն. Զարյանի «Փորձադաշտ» և այլն): Հայտնի էր նաև որպես ասմունքող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել