Գեղեցիկ ու զարմանահրաշ կենդանատեսակներով հարուստ աշխարհում արի ու տես, որ կան նաև այնպիսի կենդանիներ, որոնք այնքան տարօրինակ են, որ երբեմն նույնիսկ չեն տեղավորվում մարդկային երևակայության մեջ: Այսօր կխոսենք 6 խիստ տարօրինակ արտաքինով կենդանիների մասին և կփորձենք պարզել, թե ինչ են իրենցից ներկայացնում: 


1. Ծալաբոլորք շնաձուկը

Frilled shark head Այս շնաձկան տեսակը կոչվում է կենդանի բրածո, քանի որ էվոլյուցիայի ընթացքում այն պահպանել է այն հատկություններն ու արտաքին տվյալները, որոնք բնորոշ էին իր տեսակին մի քանի միլիոն տարի առաջ: Իհարկե,  այս տեսակի և հնադարյան շնաձկների միջև ուղիղ կապը ներկայումս դեռ ամբողջությամբ բացահայտված չէ, բայց նույնիսկ այդ կապի չնչին առկայությունը արդեն հետաքրքիր է։
Անկախ իր ծագումից՝ այս տեսակը օվկիանոսում լողացող ամենատարօրինակ կենդանիներից է։ Ծալաբոլորք շնաձուկը այն տեսակներից է, որոնք սիրում են բնակվել կենսաբանորեն հարուստ հոսանքներում և հաճախ են հանդիպում Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում։ 

2. Այ-Այ

aye-aye Այս կենդանին փոքր լեմուրի տեսակ է, որոնք ապրում են Մադագասկարում: Ցավալին այն է, որ այս կենդանուն շատ դժվար կլինի հաղթել կաթնասունների գեղեցկության մրցույթում: Սովորական Այ-Այն ունի խոշոր աչքեր, երկար վախենալու մատներ և ականջներ: Հա, ճիշտ եք. այն մի քիչ նման է «Մատանիների տիրակալը» ֆիլմի Գոլումին: Նշեմ նաև, որ Էվոլյուցիայի ընթացքում Այ-Այը ընդհանրապես չի գեղեցկացել: Որպեսզի այս  կենդանու տարօրինակությունները անհաղթելի լինեն, ասեմ, որ այն սնվում է ավելի շատ փայտփորիկի, քան թե կաթնասունի նման: Այն մագլցում է ծառերը և իր երկար մատով կարողանում է ծառի փչակից հանել ուտելիքը։


3. Դումբո ութոտնուկ

Dumbo octopus Ութոտնուկի այս տեսակին այսպես են կոչել, որովհետև այն շատ նման է «Դումբո» անունը կրող Դիսնեյի փղիկին։ Այն ապրում է շատ խոր ջրերում և նաև շատ նման է ութոտնուկի ծաղրանկարի։

Նրա մեծ աչքերը իսկապես գեղեցիկ են և բացի այդ՝ այն ունի շատ կարճ շոշափուկներ, որոնք Դամբոյին տալիս են ծիծաղելի տեսք: Այս կենդանին սնվում է ծովային մանր կեդնանիներով և որդերով (պլանկտոն), որոնք որսալու համար իրեն օգնում են իր շոշափուկները:

4. Կաթիլաձուկ

blobfish

Կաթիլաձուկը Թասմանիայի և Ավստրալիայի խոր ջրերում հազվադեպ հանդիպող տարօրինակ կենդանիներից է: Նրա` խոր ջրերում ապրելու ընտրությունը հասկանալի է, քանի որ այն շատ տգեղ տեսք ունի: Կաթիլաձկան քիթն ասես տիպիկ հայկական լինի, իսկ դեմքը շատ նման է մարդկային դեմքին: 

Ի տարբերություն այլ ձկների՝ կաթիլաձուկը չունի օդի պարկ, որը կարգավորում է ձկների լողունությունը: Փոխարենը նրա մարմնի կառուցվածքը և դոնդողանման մաշկը այս ձկնատեսակին լրացուցիչ մանյովրելու հնարավորություններով են օժտում, ինչը հեշտացնում է նրա կեր գտնելու պրոցեսը:

5. Կոկոսային խեցգետին

giant coconut crab

Կոկոսային խեցգետին կոչվող խեցգետնի այս տեսակը գիշերային մղձավանջների հրաշալի օբյեկտ է: Այն մոտ 1 մետր երկարություն ունի և ամենախոշոր ցեղի խեցգետինների ներկայացուցիչն է: Այն ստացել է իր անունը նրանից, որ սնվում է հիմնականում կոկոսով և հրաշալիորեն կարողանում է կոկոսի ծառերը մագլցել:

Երիտասարդ խեցգետինները ստիպված են տարբեր առարկաներով, երբեմն նաև իրենց սատկած ցեղակիցների պատյաններով պաշտպանվել, մինչ իրենց պատյանը կպնդանա:

Կոկոսային խեցգետիններն ապրում են Աֆրիկայի արևելյան ափերից մինչև Հարավ-արևելյան Ասիա ընկած հատվածում և Խաղաղ օվկիանոսի հարավային մասում:

6.   Շոյբիլ

shoebill

Այս խիստ տարօրինակ թռչնատեսակն ապրում է Աֆրիկյան ճահիճներում և կարող է մեծանալ մինչև 1,5 մետր: Այս թռչնատեսակից աշխարհում ընդամենը 8000 հատ է մնացել: Այն անհետացող թռչունների գրքում է ընդգրկված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել