Կառաջարկեմ՝ չշտապեք անպատասխանատու հայտարարություններ անել թուրքերի կողմից մեր զինվորական մեքենան պայթեցնելու փորձի մասին: Ինչպես միշտ, վաղը զղջալու եք, ջնջելու եք ձեր գրած անհեթեթությունը, բայց դե հիշողը հիշում է, որ թուրքերից ավելի ջանասիրաբար դուք էիք «փափագում», որ զոհեր կամ ծանր վիրավորներ լինեն: Ասեմ, որ անմիջապես ներկաներից բնութագրեցին վիրավորներին որպես «թեթև քերծվածքներ», համենայն դեպս վաղը մեկնում ենք, և ես խոստանում եմ ինչպես միշտ, առանց ավելորդ գունավորելու ձեզ ներկայացնել եղելությունը: Այն, որ թուրքը բառիս բուն իմաստով «լկստվել է», դրանում կասկած չկա: Շատ դեպքերում էլ էդ լկստվելուն նպաստում են մեր թրքամետ «դիվան-ագետ» ֆեյսբուքչիներն ու որոշ լրատվամիջոցներ՝ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» լինելով և շատ դեպքերում թուրքերից ավելի անհավանական ստերի տարածմամբ... Կառաջարկեմ ձեր օտարագիր էջերում հորիզոնականներ տանել Իրաքում, Սիրիայում, Աֆղանստանում և այլ իսլամական էքստրեմիզմի տեռորիստական դրսևորման կեղտոտ մեթոդներից տուժած երկրների և այդ նույն տեռորիստական մեթոդները թուրքերի կողմից այսօր արդեն Արցախում կիրառելու փորձերի միջև: Ակնհայտ է, որ բանակցությունները չեն կարող տանել որևէ դրական լուծման, եթե կողմերից մեկը փորձում է տեռորիստական ակցիաներով առաջնորդվել: Էն, որ մեր պատասխան տեռորիստական հարձակումների կանխարգելման միջոցառումները չեն ուշանա. ես համոզված եմ, սակայն հաշվի պետք է առնել, որ տեռորիստների դեմ պայքարելու հիմնական միջոցը հենց նրանց գլխավոր նպատակին` տեռորի միջոցով խուճապ ու հիասթափություն առաջացնելուն, չաջակցելն է: Ցավոք սրտի, մեզ մոտ «սելի փոխարեն սելվորն է ճռում...»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել