Թացն ու չորը խառնվել են իրար: Նկատե՞լ եք, թե լրատվամիջոցներում որ թեմաներն են ամենաշատը դիտվում ու քննարկվում: Քանի՞ հոգի է մեր շրջապատում սրտատրոփ սպասում հերթական պատահարի մասին շամշյանական ոսկեղենիկ… մի խոսքով, ռեպորտաժին: Քանի՞ հոգի է անմիջապես բացում «Հայրը բռնաբարել է անչափահաս երեխային» վերնագրով նյութը, որը գուցե ընդհանրապես կապ էլ չունի Հայաստանի հետ:

Մենք՝ բոլորս, ես էլ ձեզ հետ միասին՝ որպես ընդհանրական լսարան կոչված, ծարավի ենք բացասական ինֆորմացիայի: Մեզնից քանի՞սն է հիշում սահմանամերձ գյուղերից մեկում եռյակ երեխաների ծնունդը: Բացասական ինֆորմացիան այնքան է լցվել մեր «երակների» մեջ, որ արդեն կախվածություն ունենք դրանից: Ու դա է պատճառներից մեկը, որ ցանկացած քիչ թե շատ դրական նորության մեջ էլ ենք մենք փորձում գտնել ինչ-որ բացասական մի բան:

Ժամանակին, երբ լուսանկարիչներից մեկը Երևանում ներկայացրեց մեր զինվորների դիմանկարների ցուցահանդեսը, նույնիսկ այդ ժամանակ հայտնվեցին մարդիկ, ովքեր բողոքում էին, որ անընդունելի է արևից սևացած դեմքերով մեր տղերքին ցուցադրելը, ախր իրենք հեչ «բրեդ փիթ»-ոտ արտաքին չունեն, է…

Էս վերջերս էլ մեր վայ-լրատվամիջոցներն աղմուկ բարձրացրին՝ թե տեսեք, ո՞նց կլինի, տուգանում են հանրապետական որոշ գործարարների: «Էստեղ հաստատ մի բան կա» համոզմունքով փորձում էին մութ սենյակում սև կատու փնտրել: Է, լա՞վ չի, որ տուգանում են հարկային պարտավորությունները չկատարող գործարարին՝ անկախ կուսակցական պատկանելիությունից: Երբ իշխանությունը վարչապետի մակարդակով հայտարարում է, որ պայքարելու է ստվերային տնտեսության դեմ, մենք հենց սկզբից չենք հավատում: Հետո երբ, այնուամենայնիվ, դրա ականատեսն ենք լինում, դա մեզ համար շատ անբնական է, ու հիմա էլ դրա տակ «ուրիշ պատճառներ» ենք փնտրում: Ախր բնականն այն է, որ պետք է պատժեն, պարզ չի՞: Բնականն այն է, որ իշխանություն պետք է իր ասածին տեր կանգնի, ոչ թե հակառակը: Գիտեմ, կասեք որ դեռ էնքաաան օրինազանցներ կան չպատժված: Իրենց էլ հերթ կհասնի, վստահ եղեք:

Բացասական երևույթներ, իրականում, մեր կյանքում շատ կան: Բայց եկեք գնահատենք թեկուզ այն քիչ դրական քայլերը, որ արվում են, ու ադեկվատ վերաբերմունք ցույց տանք դրանց հանդեպ: Մեկը ես կողմ եմ, որ համապատասխան մարմինները կանոնավոր ստուգումներ իրականացնեն բոլոր գործարարների շրջանում: Կողմ եմ, որ վարչապետն իսկապես քաղաքական կամք է կարողանում դրսևորել ու սկսել է իշխանական գործարարներից: Ցանկացած օրինազանցության արձանագրում ու տուգանքների նշանակում բյուջե նոր մուտքեր կապահովի: Իսկ դա մեր պետության զարգացման հիմքն է: Վաղուց արդեն ստվերից դուրս գալու ժամանակն է. սկսենք խոշոր գործարարներից, մնացածներին չհասած՝ արդեն նրանք էլ կգործեն «խաղի» նոր կանոններով: Մենք արժանի ենք ապրելու նորմալ երկրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել