Այս անգամ որոշեցի կազմել մեր քաղաքական գործիչների մի տասնյակ, որտեղ հայտնված անուններն աչքի են ընկել հատկապես նրանով, որ առավել զգոն են հանրային կարծիքի հանդեպ, և որքան ավելի բարձր է պաշտոնյայի զբաղեցրած հորիզոնականը, այնքան ավելի շատ է նա իր գործունեությունում առաջնորդվում ժողովրդի խոսքով ու ցանկությամբ։

10. Թևան Պողոսյան

Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այն եզակի պատգամավորներից է, ով հաճելիորեն զարմացնում է իր կիրթ կեցվածքով, գրագետ խոսքով և չվարկաբեկված կենսագրությամբ։ Պողոսյանը զգոն է հանրային կարծիքի հանդեպ ու իր հրապարակային հայտարարություններում և գործունեության մեջ չի արել ոչ մի այնպիսի բան, որպեսզի հնարավոր լիներ նրան մեղադրել հակաժողովրդական կեցվածքի ու պոպուլիզմի մեջ։

9. Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյանը միշտ էլ աչքի է ընկել իր աչալուրջ վերաբերմունքով հանրային կարծիքի հանդեպ։ Բացի նրանից, որ Արծվիկ Մինասյանը միշտ առաջիններից է, ով ժամանում է ոստիկանության բաժանմունքներ, որտեղ ինչ-ինչ պատճառներով հայտնվում են տարբեր հասարակական ակտիվիստներ, ովքեր գրեթե երբեք ՀՅԴ-ի անդամ կամ էլ համակիր չեն լինում, Արծվիկը հատկապես աչքի ընկավ իր ժողովրդական կեցվածքով Պարտադիր կուտակայինի դեմ ծավալած պայքարի ժամանակ, երբ ներկայացնում էր ժողովրդի շահերը ՍԴ-ում։

8. Արմեն Մուրադյան

Slide

ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այն մարդկանց ցուցակում է, ովքեր մշտապես զգոն են այնպիսի հարցերի նկատմամբ, որոնք կապված են հասարակական լայն հնչեղություն ստացած հիվանդ երեխաների ու ոչ միայն երեխաների խնդիրների նկատմամբ։ Բացի նրանից, որ գրեթե բոլոր նման հնչեղ դեպքերում նախարարը ներգրավվում է անմիջականորեն ու նպաստում դրանց լուծմանը, հաճախակի են դեպքերը, երբ առողջապահության ոլորտում հանրության կողմից բարձրաձայնված խնդիրները լուծում են ստացել հենց Մուրադյանի ջանքերի շնորհիվ։

7. Գեներալ Սեյրան

Գուցե ոմանց զարմացնի այն փաստը, որ այս ցուցակում տեղ է գտել ՀՀԿ-ական, այն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս Գեներալ Սեյրանը, բայց նրա բոլոր թերություններով հանդերձ՝ չի կարելի ուրանալ, որ այս պարզ մարդը որոշ դրվագներում շատ ավելի ժողովրդական է լինում, քան իր բազմաթիվ կուսակիցներ։ Բոլորիս հիշողության մեջ թարմ է այն դեպքը, երբ Գեներալ Սեյրանն ընդվզեց կուսակցության դիրքորոշման դեմ ու հանդես եկավ ընդդեմ շրջանառության հարկի մասին օրենսդրական նախաձեռնության, որը խիստ ոչ պոպուլյար էր հասարակության մեջ։

6. Մարտուն Գրիգորյան

Գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը պատգամավոր կարողացավ դառնալ մասնավորապես շնորհիվ նրա, որ իր քաղաքում մեծ հեղինակություն ու ժողովրդականություն ունի, իսկ այդ առումով համապետական մասշտաբների Մարտուն Գրիգորյանը դուրս եկավ բոլորովին վերջերս շնորհիվ նրա, որ իր այդ ժողովրդականության ու հեղինակության հաշվին կարողացավ էապես նպաստել նրան, որ Պերմյակովի ոճրագործությանը հետևած լարվածությունն էլ ավելի չխորանա Գյումրիում, և որ պակաս կարևոր չէ՝ նա դա անում էր անձամբ ու փողոցում։

5. Նիկոլ Փաշինյան

Նիկոլը քաղաքական դաշտի այյն բացառիկ գործիչներից է, ով տարիներ շարունակ կարողացել է շատ ճիշտ զգալ հանրային տրամադրությունները և միշտ առաջնորդվել է դրանցով, անգամ երբ իր կուսակից ընկերներն ինչ-որ այլ խաղերի մեջ էին մտնում։ Շնորհիվ դրա, Նիկոլը թեև դարձավ ընդդիմություն թե՛ իշխանությանը, թե՛ «արմատական» ընդդիմությանը, բայց այսօր կարողացավ ինքնուրույն քաղաքական բևեռ դառնալ, իսկ նրա ելույթներին ԱԺ-ում սպասում և սիրով հետևում են ժողովրդական լայն զանգվածներ։

4. Զարուհի Փոստանջյան

Փոստանջյանն ասես Նիկոլի զույգ քույրը լինի։ Համենայն դեպս, նրանց ոճերը շատ նման են, ու նրանք երկուսն էլ զգում են ժողովրդական «պուլսը»։ Սակայն Զարուհու պարագայում կան երկու լուրջ առավելություններ. նախ՝ նա, ավելի երկար ժամանակ պետական պաշտոն զբաղեցնելով, երբեք չի փոխել իր այդ գործելաոճը, երկրորդն էլ՝ լինելով կին՝ հաճախ արել է բաներ, որ ամեն տղամարդ ռիսկ չէր անի կատարել, և նա մշտապես գտնվում է հասարակական զարգացումների կիզակետում:

3. Վլադիմիր Գասպարյան

Դեռ մի քանի տարի առաջ ոստիկանությունը շատ վատ համբավ ու հանրային ընկալում ուներ և ընկալվում էր բացառապես որպես բիրտ ու կաշառակեր, ցմփոր կերպարների հավաքատեղի։ Իհարկե, խնդիրներն այսօր էլ շատ են, ու մեր Ոստիկանությունը հեռու է իդեալական լինելուց, բայց Վլադիմիր Գասպարյանի՝ ոստիկանապետ դառնալուց հետո ականատես եղանք մի շարք լուրջ իմիջային փոփոխությունների, իսկ ոստիկանապետը խիստ զգայուն է հանրային արձագանքի հանդեպ։ Դրա շնորհիվ արդեն քանի-քանի ոստիկաններ են կորցրել աշխատանքը, երբ հայտնվել են ֆեյսբուքցիների թիրախում կամ էլ իրենց թերի աշխատանքի պատճառով բերել են լուրջ հասարակական լարվածության։ Դրան զուգահեռ, էապես նվազել է «ծեծող ոստիկանի» կերպարի կշիռը հանրային ընկալման մեջ, և դրա մեջ հսկայական դերակատարություն ունի այն, որ Վլադիմիր Գասպարյանն է ուշիուշով հետևում հանրային կարծիքի վայրիվերումներին և զարգացումներին։

2. Արմեն Աշոտյան

Այս ցուցակում ամենաբարձր պետական պաշտոն զբաղեցնողներից մեկն Արմեն Աշոտյանն է, ով նաև ամենաբարձր հորիզոնականներից մեկն է գրավել շնորհիվ նրա, որ հանդիսանում է ոչ ավել, ոչ պակաս՝ Հայաստանի նորանկախ Հանրապետության պատմության ամենաանմիջական նախարարը և երբեք չի խուսափում ուղղակի շփումից սոցցանցերում և իրական կյանքում, իսկ հանրության և անհատ քաղաքացիների կողմից առաջ քաշված բազմաթիվ խնդիրներ արժանացել են անձամբ Աշոտյանի արձագանքին։ Ոչ միշտ է դա բերել այդ խնդիրների լուծման, բայց արդարության համար պետք է նշել, որ, այնուամենայնիվ, բազմաթիվ նման խնդիրներ լուծում գտել են Աշոտյանի հետ կառուցողական երկխոսություն վարելու արդյունքում։

1. Տարոն Մարգարյան

Ցուցակիս առաջին հորիզոնականը հատկացրել եմ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որովհետև համեմատած այս ցուցակի այլ ներկայացուցիչների հետ՝ Տարոնն ամենից հաճախն է ոչ միայն հայտարարությունների մակարդակով առաջնորդվել ժողովրդական պահանջներով, այլև կոնկրետ գործողությունների։ Այդ գործողություններն արտահայտվում են ինչպես կենցաղային խնդիրներ լուծելով (մեկը երեխային չի կարողանում մանկապարտեզ տալ, ուրիշը բակում խաղահրապարակ չունի, երրորդն աղբահանության խնդրի առջև է), այնպես էլ միանգամայն ավելի մեծամասշտաբ խնդիրների կարգավորմամբ։ Հատկապես ուշագրավ են այս առումով Պերմյակովի սպանությունից հետո արդեն պլանավորված ու ֆինանսավորված տոնական միջոցառումների հրատապ չեղարկումն ու տրանսպորտի սակագների թանկացման կասեցումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել