Հայաստանը խորհրդարանական հանրապետության վերածելու ծրագրերի մասին խոսակցություններն աստիճանաբար ավելի գործնական բնույթ են ձեռք բերում. կառավարման ձևի փոփոխությունը ենթադրում է, որ երկրի ճակատագրի համար պատասխանատվությունը պետք է դառնա իշխող կուսակցության կամ կուսակցական կոալիցիայի անմիջական խմբակային պատասխանատվության հարց: Կա առավել սկզբունքային մարդկանց մի լայն շրջանակ, ովքեր կազմում են մեր քաղաքական մշակույթի իրական հարստությունը. խոսքն այն մարդկանց մասին է, որոնք ճգնաժամային պահերին անվարան հետևողականությամբ անցնում են կուսակցական մի ճամբարից մյուսն ու խորապես համոզված են, որ հատկապես իրենց քաղաքական ճկունության շնորհիվ է, որ Հայաստանի գոյությունը կարելի է երաշխավորված համարել: Այդ մարդկանց հաճախ հանիրավի փնովում են, կոչում են պոռոտախոս, դավաճան, անսկզբունք ու վախկոտ, բայց այս կարգի որակումներ շռայլողներն ուղղակի տառապում են քաղաքական կարճատեսությամբ և, սովորաբար, պարզապես նախանձ մարդիկ են: Հայաստանի պայմաններում մարդ որքան շատ կուսակցական անդամատոմս փոխի, այնքան ավելի արժեքավոր կադր պետք է համարվի պետականաշինության համատեքստում: Այդուհանդերձ, միշտ չէ, որ առաջին իսկ հայացքից կարելի է մարդու կուսակցական արժեքը որոշել: Հարկավոր է հատուկ ձևեր մշակել կուսակցական գործչի անցած ուղին անմիջապես տեսանելի դարձնելու և նրա իրական արժեքը բոլորին անմիջապես տեսանելի դարձնելու համար: Հաճախ, կուսակցական պատկանելությունն ընդգծելու համար, օգտագործվում են կուսակցական կրծքանշանները, սակայն դրանք կիրառվում են անձի բացառապես ներկա կարգավիճակը մատնանշելու համար և փոխվում են նրա կուսակցական պատկանելության փոփոխմանը զուգընթաց: Իմ կողմից մատնանշած խնդիրը լուծելու համար առաջարկում եմ կիրառել կուսակցական դաջվածքների մեթոդը՝ կուսակցությունը լքելիս մարդու մարմնի համապատասխան մասում՝ ճակատին կամ այտի վրա, պետք է դաջվի լքվող կուսակցության փոքրիկ խորհրդանիշը: Մարդը որքան շատ նման դաջվածքներ ունենա, այնքան ավելի արժեքավոր կհամարվի հայկական քաղաքական մշակույթի գործող չափորոշիչների համապատասխան: Անհրաժեշտ կլինի սահմանել նաև նման դաջվածքների տեղադրման կարգը (ասենք թե՝ աջից ձախ), որպեսզի անձի կուսակցական-քաղաքական գործունեության ընթացքը հստակ երևա: Այս մեթոդը հաջողությամբ կիրառվել է խորհրդային տարիներին և հանդիսացել է գողական աշխարհում ավագության խնդիրներն արագ պարզաբանելու գործուն և անխափան մեխանիզմ, և ես այսօրվա Հայաստանում այն կիրառելու ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել