Երբևէ դիտե՞լ եք այս հեռուստածրագիրը։ Ես դիտել եմ ու ասեմ, որ այն նմանեցնում են հայկական սերիալի։ Նախ՝ «Ամենից ամենա», վերնագիր, որը հուշում է, որ ծրագիրը գոնե ինչ-որ հարցման արդյունքների վրա պիտի հիմնված լինի, բայց արի ու տես, որ բոլոր հարցումներին փոխարինում է կոնկրետ ծրագրի սցենարիստի գրած սցենարը։ Այսինքն՝ նկարահանվում են բոլոր նրանք, ովքեր ձեռքի տակ են ընկնում։ Մի կողմից դա արդարացվում է «ճաշակին ընկեր չկա» տրամաբանությամբ։ Բայց, հավատացեք, որ նման կարգով ռեյտինգ կազմելն ամենաքիչը ոչ պրոֆեսիոնալ է, քանի որ չի արտացոլում, ասենք, հենց նույն ծրագրի հեռուստադիտողի կարծիքը։ Մի խոսքով՝ ինչպես հիմնականում օրվա աստղագուշակն է կազմում որևէ լրագրող, այնպես էլ լավագույն տասնյակն է կազմվում պատահական սկզբունքով։ 

Հիմա անդրադառնամ ծրագրի մեջ անընդհատ տեղ գտնող «զաստավկա» ասածին։ Նման անճաշակ ու նյարդերի վրա ազդող զաստավկա երբևէ չեմ տեսել ու լսել։
Հիմա մի կողմ դնենք ծրագրային դեֆեկտներն ու անդրադառնանք հաղորդավարուհի Լիանային։ Ես չեմ հասկանում, թե այս աղջկա ֆանտազիան ինչո՞ւ է այսքան սահմանափակ։ Միակ մեդալը, որ կարելի է տալ այս աղջկան, Գինեսի ռեկորդների գրքում նրան ներգրավելն է՝ նույն դիրքով նստելու համար։ Ինչ-որ տեղ սա արդարացվում է, երբ Լիանան կարճ կիսաշրջազգեստով է։ Քանի որ նրա հագած կիսաշրջազգեստի կարճությունն ուղիղ համեմատական է ծրագրի ռեյտինգի հետ։ Լավ, Լիանա ջան, եթե նստած դիրքդ չես կարողանում փոխել, գոնե տակիդ դիվանը թող փոխեն։ Ընդհանրապես այս ծրագրում շատ բան պիտի փոխվի։ Այսպես կոչված «աստղերին» ուղղված այսպես կոչված «հետաքրքիր» հարցերը, որոնք բացարձակ չեն հետաքրքրում հեռուստադիտողին, ծրագրի երաժշտական ձևավորումները, դիզայնը, լավ գոնե ողջույնի խոսքը, կառուցվածքը, վերնագիրը, դիվանը և հաղորդավարուհուն։ Տակն ի՞նչ մնաց՝ ոչ մի բան։ Միայն միջին կլասի գեղեցկության, ժամանակ առ ժամանակ ալամ աշխարհին ցուցադրվող զույգ ոտքերի վրա խաղադրույք կատարելն ու մի ամբողջ տեխնիկական անձնակազմ զբաղեցնելը, մեղմ ասած, լուրջ չի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել