Հիշո՞ւմ եք Արթինին, ում օգնեցինք դուրս պրծնել Սիրիայի ավերիչ պատերազմից և վերադառնալ Հայաստան ու հաստատվել Արցախի մեր ազատագրած տարածքներում: Նա երջանիկ ապրում է այսօր Արցախում, իրենց հատկացված հողն է մշակում, ձուկ բռնում և երազում ընտանիք կազմելու ու երեխաներ մեծացնելու մասին իր ձեռքով կառուցած տան մեջ: Ամեն ինչ նման էր հեքիաթի, մինչև տղան այսօր եկավ Երևան՝ փորձելու քաղաքացիություն ստանալու համար դիմել ՕՎԻՐ: Ես արդեն համոզվեցի, որ ԱԳՆ-ին փորձել համոզել, որ սխալ է պահանջել էս տղայից Հայկական եկեղեցուց բերել կնքման վկայական, քանզի իր հարազատ եղբայրը նույն հորից, նույն մորից արդեն իսկ ունի քաղաքացիություն և ապացուցել է՝ իր հայ լինելը նման է, ասենք, Բեռլինի արդեն իսկ չեղած պատի հետ զրուցելուն: Անիմաստ, հանգած աչքերով աշխատողներն իրենց ստանդարտ տափակ պատասխաններով «կներեք, բայց կնքման թուղթը պարտադիր է», Օվիրը նույնպես նույն երգն է երգում, թե չի կարող նրան քաղաքացիություն տալ, քանի որ եկեղեցին որ կնքման թուղթ է տվել՝ Հույն Ուղղափառ է, ոչ թե Հայ Առաքելական: Բացատրությունները, որ այդ նահանգում, ուր Արթինն ապրել է, միակ քրիստոնյա եկեղեցին Հունականն է, այն էլ թուղթ է տվել ուղղակի կնքման, իսկ ինքը կնքված է Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում, լրիվ անիմաստ էր նույն սառը, անորոշ հայացքով աշխատակիցներին: Հիմա հարց... Ասենք թե մարդը հայ է, բայց ծնողներն աթեիստ են եղել և երեխային չեն կնքել, հիմա երեխան ուզում է վերադառնալ իր նախնիների երկիրը և ապրել ու դառնալ քաղաքացի, իրավունք չունի՞: Կամ, ասենք, նույն համշենահայն է նման որոշում կայացնում, ի՞նչ, պիտի չընդունե՞նք։ Օրինակ ես կառաջարկեմ Հրանուշ Հակոբյանի քաղաքացիությունը վերցնել, տալ Արթինին, իսկ Նալբանդյանինն էլ մեկ ուրիշ հայրենադարձի, մեկ է՝ այդ երկու «պաշտոնյաների» պակասից երկիրը միայն կշահի... Տեսնեիք խեղճ տղայի հիասթափությունն ու անճարությունից շփոթվածությունը: Հերիք չի, որ մի քանի ստահակ Արցախում նրան ասել էին, որ կարծում են՝ ինքը «շպիոն» է, հիմա էլ էս «չնախարարությունների» պահվածքը: Հետաքրքիր է՝ Հրանուշ Հակոբյանի «չգաս տուն» և «գնա տնիցդ» ծրագրերը մինչև ե՞րբ պիտի գործեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել