Սկսվեց իմ կողմից շատ սիրված «Տնփեսա» հումորային հեռուստանախագիծը։ Անկեղծ ասած՝ սպասումներս շատ մեծ էին։ Անոնսները նայելով՝ ես իրոք ոգևորված էի՝ նոր դերասանուհի, սցենարային նոր մոտեցումներ, բայց, փաստորեն, կրկին անգամ խաբվեցի գովազդին։ Շատ եմ հարգում Մկոյին՝ և՛ որպես դերասան, և՛ որպես մարդ։ Հենց թեկուզ միայն նրա համար, որ միշտ գործին նվիրվում է սրտացավ և չի հայտնվում ոչ մի անիմաստ փիառ-ինտրիգներում։ Նախագծի սաունդտրեքն այս անգամ հենց Մկոն է կատարում։ Չգիտեմ ով ոնց, բայց ես այդ երգի միջոցով զգում եմ այն հոգեվիճակը, որը տիրում է Մկոյի մոտ։ Նա իրոք սրտանց ցանկանում է և հնարավորինս անում, որ նախագիծը հաջողություն ունենա։ Ինձ արդեն թվում է, որ ոչ թե երկու, այլ 4-5 դեր է խաղում Մկոն։ Հաջորդ պերսոնաժը, որը հայտնվել է նախագծում, դերասանուհի Հասմիկն է, որը մարմնավորում է Աննայի կերպարը։ Անկեղծ ասեմ՝ դուրս եկավ։ Չնայած Ալինան էլ իր գեղեցկությամբ զարդարում էր այս սերիալը, բայց դե դերասանական տաղանդով ու կերպարային համապատասխանությամբ Հասմիկը մի քայլ առաջ գնաց։ Մի խոսքով՝ երկրորդ եթերաշրջանում Ալինայի շինծու, արհեստական ու հոգնեցնող խաղին փոխարինման եկավ էնտուզիազմով լի ու արտաքին տվյալներով շատ ավելի գրավիչ Հասմիկի նորամուտը։ Չեմ խաբի, որ ասեմ, թե առաջին երկու սերիաները հենց Հասմիկի պատճառով եմ դիտել։
Հիմա գանք ամենակենտրոնական կերպար հանդիսացող Հովոյին՝ տնփեսային։ Անկեղծ ասած՝ Հովոն սերիալական տնփեսայից վերածվում է իսկական տնփեսայի՝ գնալով ավելի անհավես ու դեր «գլորող»։ Երբևէ Հովոյի տաղանդի վրա չեմ կասկածել և միշտ ուրախացել եմ, որ տաղանդավոր երիտասարդը գրեթե միշտ հայտնվել է ամենահարմար պահին, ամենահարմար տեղում և ստացել ամենաշահեկան դերերն ու ներգրավվել ամենափողոտ նախագծերում։ Մինչ վերջին ժամանակները Հովոն հիացնում էր իր խաղով, բայց արդեն երկար ժամանակ է՝ հեռուստացույցից մեզ է նայում մի «թամբալ», «դուդուկի» տխուր մեղեդի հիշեցնող հայացքով, գերհոգնած դերասան։ Հովո ջան, եթե դու հոգնել ես քո դերից, կամ սովորական սերիալում ներգրավված լինելը ցածր է քո «ստատուսից», ապա լավ կլիներ, որ գնայիր Ալինայի հետևից։ Համոզված եմ, որ քեզ շատ արագ կփոխարինեին ավելի երիտասարդ ու գոնե էնտուզիազմով լի դերասանով, այսինքն՝ հին Հովոյի նման մեկով։ Այլապես մի ամբողջ եթերաշրջան հեռուստադիտողը քեզ ներելուց հետո այլևս չի ների։ Եթե ընդունենք, որ երկրորդ եթերաշրջանի սցենարային լուծումներն էին թույլ, ապա այս եթերաշրջանը բավական հետաքրքիր սկիզբ է ունեցել, բայց արդեն նկատվում է նույն Հովոյի ծուլացած մոտեցումը նախագծին։ Ես կասեի, որ սա անգամ «գռդոն» չի, գլուխպահել չի։ Մարդն ուղղակի հոգնել է, և որոշակի ստեղծագործական դադարը հաստատ նրան չի խանգարի։ Բա աշխատավարձի՞ պահը։ Չեմ կարծում, որ Հովոյի ձեռքը քարի տակ է։ Հաստատ այս մի դրամական հոսքից հնարավոր է նաև հրաժարվել։ Վերջինը որպես կատակ ընդունի, Հովո ջան։ Ավելի լավ է մենք քեզ մի քիչ կարոտենք, քան թե ամեն սերիա դիտելուց հետո մանդրաժ ընկնենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել