Ստացվել է այնպես, որ ես հեռուստացույց նայում եմ միայն առավոտյան ժամերին, ու թարսի պես առավոտյան ծրագրեր ընդամենը մի քանի հեռուստաընկերություններ ունեն։ Այնպես որ ընտրությունն էլ է շատ ժլատ։ Ստիպված եմ բավարարվել նրանով, ինչ հրամցվում է, ու փոխանակ առավոտյան բարձր տրամադրություն ստանամ, հակառակը՝ այլայլվում եմ՝ կրկին հանդիպելով ինձ համար չափից դուրս տհաճ հաղորդավարուհուն տեսնելով։ Խոսքս ամեն ինչից հասկացող, գիտունիկ, բոլորից առավել Անահիտ Կիրակոսյանի մասին է։ Նրան ես շատ վաղուց եմ հանդիպել տարբեր տիպի մրցույթներում ու հեռուստանախագծերում ու հիմա հասկանում եմ, որ տարիները չեն փոխել Անահիտին։ Նա մասնակցել է հնարավոր բոլոր տեսակի մրցույթներին և ամենուր ունեցել է անհաջողություններ, մեղմ ասած՝ պարտվել է։ Դրանից հետո բոլոր հնարավոր հարթակներից սկսել է փնովել տվյալ մրցույթներն ու նրանց կազմակերպիչներին՝ մեղադրելով նրանց ու ժյուրիին դեպի իր անձն անարդար վերաբերմունքի մեջ։ Փնովելով վերոնշյալ մրցույթները՝ նա մի պահ չի մտածել, որ վերջիններիս հաղթողների հետ հետագայում շարունակվելու է շփվել, և առնվազն կոռեկտ չէ ամենուր հայտարարել, որ ամեն բան Հայաստանում ծախված է, այսինքն թե՝ բոլոր միջոցառումների բոլոր հաղթողները գնել են մրցանակային տեղերը։ Անահիտ ջան, եթե ես լինեի որևէ մրցույթի ժյուրիի անդամ, ապա, առանց անգամ քո մրցակիցներին իմանալու, օբյեկտիվորեն ասեմ, որ դու ոչ լավ պարում ես, ոչ երգում, ոչ էլ արտաքին տվյալներդ են արտակարգ գեղեցիկ։ Համ երգելդ ենք լսել, համ պարելդ ենք տեսել՝ միջինից ցածր ունակություններ։ Այնպես որ, մեղադրել այդ մրցույթների ժյուրիի անդամներին պարզապես ծիծաղելի է։
Այս ամենից հետո Անահիտը հայտնվում է հեռուստատեսությունում ու նկարահանվում հումորային սերիալում՝ կերտելով այնտեղ «բոևիկ Սուսիկի» կերպարը, ու հետագայում հենց մնում է այդ կերպարի տակ։ Նրան առաջարկվում է վարել նաև առավոտյան հեռուստածրագիր։ Բոևիկ Սուսիկը դառնում է հաղորդավարուհի։ Երևի թե նրան չեն զգուշացնում, որ հաղորդավարուհին իրավունք չունի աջ ու ձախ վիրավորել հյուրերին, իր գործընկերներին, այն հեռուստադիտողներին, որոնք չեն կիսում իր կարծիքը։ Անահիտն ամեն հարմար առիթի փորձում է ճնշել խոսակցին, իրեն ներկայացնում է ամեն ինչից հասկացող, չնայած որ նյութից բացարձակ ոչինչ չի հասկանում։ Նրան թվում է, որ շուրջբոլորը նույն սերիալի կրակադիլներն են ու ամեն ինչում պիտի համաձայնվեն նրա հետ։ Անահիտը երևի չգիտի, որ նրան հաճախ չեն հակադարձում՝ զուտ անլուրջ ընդունելով կամ դաստիարակությունից դրդված, ու պետք չի չարաշահել մարդկանց համբերությունը։
Հայտվելով այլ նախագծերում՝ հյուրի կարգավիճակում, փայլում է իր ողջ զոռբայությամբ։ Միայն զոռբայությամբ կարելի է բացատրել հնարավոր բոլոր նախագծերում նրա ներգրավումը, որովհետև իրականում հանդիսատեսը հոգնել է Անահիտից։ Իշխող և խիստ կանայք ամենևին այլ կերպարներ են, իսկ «Չայնիի Սուսիկի» կերպարը, որն իր դրոշմն է թողել Անահիտի իրական կյանքի վրա, շատ ավելի զոռբայության մարմնավորում է։ Չեմ կարողանում ընդունել նաև այս հաղորդավարուհու անձնական կյանքի՝ չափից շատ հանրայնացումը, որը գնալով ավելի շատ փիառի է վերածվում։ Այսօր շատերն են գնում որոշակի զոհաբերությունների՝ սիրելի մարդուն երջանկություն պարգևելու համար, բայց ոչ ոք ամիսը 150 անգամ չի բարձրաձայնում այս ամենի մասին։
Ինչևէ, եթե շատ եք ուզում, որ Անահիտը մնա եթերում, ավելի լավ է, որ նրան երեկոյան մի ընտանեկան ծրագիր վարել վստահեք, որ հանդիսատեսն ընտրության հնարավորություն ունենա, այլապես դուք ստիպում եք մեզ՝ հասարակ մահկանացուներիս, ամեն առավոտ վայելել զոռբա հաղորդավարուհու անտանելի ներկայությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել